Մարդկային արյունատար անոթները սկսել են աճեցնել խոզերի օրգանիզմում

Մինեսոտայի համալսարանի հետազոտողների մի խումբ փորձարկել է մարդու արյան անոթների աճեցման նոր մոտեցում: Դա թույլ կտա անսահմանափակ քանակությամբ անոթներ ստանալ փոխպատվաստման համար:

Քանի որ խոզի և մարդու ֆիզիոլոգիան շատ ընդհանրություններ ունեն, նորամուծությունը կփորձարկվի խոզերի վրա:

Գիտնականների խումբը փորձել է մարդկային արյունատար անոթները աճեցնել խոզի օրգանիզմում:

Համապատասխան բջիջները ներարկվել են խոզի սաղմի մեջ: Արդյունքում մարդկային անոթներով սաղմը 27 օր զարգացել է:

Թիմը կարծում է, որ ապացուցել է իր հայեցակարգը և այժմ սպասում է հաստատման՝ խոզի հղիության հետագա փուլերում սաղմի վրա հետազոտություններ կատարելու համար:

Գիտնականների կարծիքով՝ նրանց նորամուծության շնորհիվ հնարավոր կլինի ստանալ մարդկային անոթներով կենսունակ խոզեր, որոնց անոթները ճշգրտորեն կհամապատասխանեն փոխպատվաստման անհրաժեշտություն ունեցող յուրաքանչյուր հիվանդի անոթներին:

Հեղինակները հույս ունեն, որ իրենց մոտեցումը կօգնի բազմաթիվ քրոնիկական և անբուժելի հիվանդություններ ունեցող հիվանդների, որոնց անհրաժեշտ է օրգանների փոխպատվաստում, ինչպես նաև՝ զարկերակների վնասվածքներ ունեցող հիվանդներին, օրինակ՝ ծխելու կամ շաքարախտի հետևանքով:

Այս աշխատանքի արդյունքների վերաբերյալ գիտական հոդվածը ներկայացված է Nature Biotechnology ամսագրում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ