«Վիրուսն ավելի շատ կենսունակ է փաթեթի վրա, քան հացի»․ Բաբկեն Պիպոյան

«Իրազեկ և պաշտպանված սպառող» հ/կ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանն ասաց, որ հացամթերքի շուկայում առկա խնդիրը նոր չէ և չպետք է դրանք պայմանավորենք կորոնավիրուսով։

«Շատ դեպքերում մենք սանիտարական նորմի խախտման հետ գործ ունենք, սա գլոբալ խնդիր է, որն առկա է անկախ նրանից կորոնավիրուս ունենք, թե՝ չունենք։ Այստեղ մեզ պետք են նոր չափորոշիչներով, մեխանիզմներով լուծումներով, որոնք անհրաժեշտ են հետագայի համար ոչ թե այս պահին։ Այդ խնդրին լուծում պետք է տալ, բայց ոչ հիմա՝ հրատապության կարգով։ Արտակարգ իրավիճակներում ֆունդամենտալ լուծումներ չեն փնտրում։ Ինչ վերաբերում է կորոնավիրուսի տարածման հավանականությանն այս տարբերակով, ապա ասեմ, որ ապացուցված է, որ փաթեթի վրա վիրուսն ավելի շատ կենսունակ կլինի և ավելի երկար կմնա, քան, եթե այդ վիրուսն անմիջապես հացի վրա է։ Կան մակերևույթներ, որոնց վրա վիրուսը երկար է մնում, դրա համար են ասում՝ պարբերաբար ախտահանեք հեռախոսները»։

Նա ընդգծեց, որ եթե հացը փաթեթավորված լինի, ապա այդ փաթեթը պետք է արագ ախտահանենք, փաթեթը նետենք աղբամանն ու փակենք այն։ «Նույն կերպ պետք է արագ ախտահանենք թթվասերի, մածունի, կաթի և ցանկացած այլ ապրանքի տարրա։ Եթե մարդն այդ ախատանության պրոցեսները չի կազմակերպել՝ ապա այս դեպքում ռիսկը բարձր կլինի»,-ասաց Պիպոյանը։

Պիպոյանը նշեց, որ ամեն դեպքում կարևոր է հանրության ինքնակազմակերպումը։ «Այնպես չէ, որ ես ասում եմ, որ հանրությունը պետք է պետության ամբողջ գործն անի, բայց մյուս կողմից, մարդիկ իրենք պետք է ուշադիր լինեն որոշ խնդիրների նկատմամբ։ Պետք է չխուսափենք տեղում հարցեր բարձրաձայնելուց, եթե խանութում տեսնում եք կուտակումներ՝ հորդորեք պահպանել սոցիալական հեռավորությունը, պահպանել հիգիենան, շատ տարրաների ձեռք չտալ, եթե չենք կարող այդ պահին ախտահանվել, նույնը հորդորել մեր ընկերներին ու գործընկերներին»։

Անդրադառնալով գումարի հետ շփման ռիսկերին, երբ վարակի աղբյուրը հենց վարակված մարդուց վերցրած դրամն է եղել՝ նա ընդգծեց, որ պետք չէ ծայրահեղությունների մեջ ընկնել, շատերը փորձում են իրենց մոտ եղած թղթադրամներն ինքնուրույն ախտահանել, ի վերջո, իրականում այդքան էլ հեշտ չէ գումարն հատ-հատ ախտահանելը։ «Փոխարենը պետք է ձեռքերը ախտահանել, որովհետև, երբ վիրուսը կպչում է մեր մարմնին, դա դեռ վարակի համար բավարար պայման չէ, խնդիրն այն է, որ դրանից հետո ձեռքերով տրորում ենք աչքերը, ձեռքերը տանում ենք բերան կամ քիթ։ Գումարն ախտահանելու փոխարեն՝ պարզապես պետք է հաճախակի ախտահանել ձեռքները»,-ասաց Պիպոյանը։

Նյութի աղբյուր՝ ArmDaily.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ