![]()
Երգչուհի Սուսաննա Պետրոսյանն այս ընթացքում ամուսնու՝ Գեորգի և դստեր՝ Ալիսայի հետ, Երևանում է։ Ամուսնությունից հետո Չինաստանում բնակություն հաստատած երգչուհին տարիներ շարունակ Հայաստան էր գալիս ամռանը։ Կորոնավիրուսի պատճառով այս տարի նրանց հանգիստը մի քանի ամիս շուտ է մեկնարկել։
Հայաստան ժամանելիս Սուսաննան ստեղծագործական հետաքրքիր մտքեր է ունեցել, սակայն ստիպված է եղել չեղարկել բոլոր ծրագրերը։
«Երբ նոր էինք եկել Հայաստան, արտակարգ դրություն հայտարարված չէր։ Չնայած դրան՝ մենք որոշ կանոններ փորձում էինք պահպանել, որովհետև բացի կորոնավիրուսից, շատ այլ վիրուսներ կան։ Սկզբում էլ տանից քիչ էինք դուրս գալիս։ Այդ ընթացքում ծրագրեր էի կազմում ու մտածում փոքրիկիս Երևանում մանկապարտեզ կամ զարգացման կենտրոն տանելու մասին, որպեսզի հասցնեմ նաև ստեղծագործական աշխատանքով զբաղվեմ։
Բայց Հայաստանում էլ փակվեցին և՛ ժամանցի վայրերը, և՛ կրթական համալիրները։ Հիմա, ինչպես բոլորը, մենք էլ ամբողջ օրը տանն ենք լինում։ Ընտանիքի անդամների հետ շփումն իսկապես անփոխարինելի մի բան է։ Փորձում եմ վայելել հարազատ մարդկանց ներկայությունը։ Հիմա բալիկիս հետ զբաղվելու լավագույն ժամանակահատվածն է»,-ասաց երգչուհին։
![]()
Երգչուհին նշեց, որ իրենք կարանտինի և արտակարգ դրության բոլոր կանոնները խիստ պահպանում են․ «Ապահովությունը շատ կարևոր է։ Իհարկե տեսակետ կա, որ օրինակ սովորական գրիպից ավելի շատ մարդ է մահանում, քան այս վիրուսից, բայց սա դեռ ինչ-որ չափով վիրուսի նոր տեսակ է, որից պետք է հնարավորինս խուսափել։ Հույս ունենք, որ Հայաստանում այս ամենը շատ շուտ կավարտվի և մարդիկ կվերադառնան իրենց բնականոն կյանքին»։
Չինաստանի հետ կապը նրանք պահպանում են։ Սուսաննան պարբերաբար կապի մեջ է լինում այնտեղի իր ընկերների հետ․ «Չինաստանի այն հատվածը, որտեղ, որ մենք էինք բնակվում, հիմա շատ լավ վիճակում է, այնտեղ վիրուսի նոր դեպք չի գրանցվել։ Ինչպես մեզ տեղեկացնում են Չինաստանի մեր ընկերները, երկրի շատ հատվածներում կան լավ նորություններ։
![]()
Չնայած կրթական բոլոր համալիրները դեռ փակ են, գործում են միայն խանութները, որոշ սրճարաններ։ Մարդիկ դուրս են գալիս, սակայն սահմանափակումներով։ Այս պարագայում դեռ իմաստ չկա, որ մենք վերադառնանք։ Բացի այդ, վերադարձի համար պետք է հատուկ թույլտվություն ստանանք»։
Նյութի աղբյուր՝ tert.am
![]()