![]()
«Հայաստանում կորոնավիրուսով պայմանավորված խուճապ չեմ նկատում: Օրերս Միացյալ Նահանգներում էի, և կարող եմ ասել, որ այնտեղ ավելի մեծ էր տագնապը: Մեր ազգն էսպիսի՞ բաներ է տեսել…»,-նշեց դերասան Սերգեյ Դանիելյանը:
Նրա խոսքով՝ այս օրերին պետք է հնարավորինս սատարել իշխանություններին. «Ասում են, որ, օրինակ, եթե Իտալիայի հետ սահմանը ժամանակին փակեին, լավ կլիներ…Ունենք այն, ինչ ունենք: Եթե նույնիսկ արվել են սխալներ, կարծում եմ, միտումնավոր չեն արվել»:
Դերասանը կոչ արեց՝ կարիք չկա թիրախավորելու նաև միմյանց. եթե որևէ մեկն ակամայից դարձել է վարակակիր, չի կարելի նրան հոգեբանական ծանր վիճակի հասցնել: Սերգեյ Դանիելյանը շեշտեց՝ չի զարմանա, եթե այս օրերին նախորդ իշխանությունների ներկայացուցիչները փորձեն քաղաքական դիվիդենտներ շահել:
«Լսել եմ, որ մանկապարտեզներում պահեստավորված սնունդը տրամադրվելու է անապահով ընտանիքներին. նախորդների օրոք այսպիսի բան հնարավոր չէր, պարզապես կգողանային այդ սնունդը»,- ասաց նա:
Ի դեպ, դերասանը հիմա ինքնամեկուսացվել է, հաճախ լինում է գյուղում, զբաղվում է տնտեսությամբ և տան գործերով:
Նյութի աղբյուր՝ factor.am
![]()