![]()
Աշխարհում կորոնավիրուսի հետևանքով մահացած մարդկանց միջին տարիքը 79,4 տարեկան է, նրանց մեծ մասը՝ 72 տոկոսը, տղամարդիկ են: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ նշելով, որ այս հարաբերակցության հիմնական պատճառը տղամարդկանց կենսաձևն է ու վիրուսին զուգակցվող հիվանդությունները:
«Եթե մենք կարողանայինք ունենալ հասարակություն, որ կողքից եղած հիվանդությունները քիչ լինեին, կամ Իտալիան այդպես լիներ, ավելի քիչ թվով մահացություններ կունենային: Մահերի թիվը կապված է ազգաբնակչության առողջական վիճակի հետ»,- ասաց նա:
Թորոսյանն անդրադարձավ տարածված որոշ միֆերի, թե ծխելն օգտակար է այս վիրուսի դեպքում:
«Որքան էլ փորձեն ծխելը դրական գործոն ներկայացնել, ուղիղ կապ կա թոքերի և մահացության հետ, իսկ թոքերը գիտեք՝ ամենաշատը ինչից են վնասվում: Տղամարդկանց մահացության մեծ թիվը կապված է ծխելու և ոչ լավ սննդի հետ, որը բերում է գիրության: Հենց այդ պատճառով էլ տղամարդիկ երկու անգամ ավելի շատ են մահանում այս վիրուսից»,- ասաց նախարարը:
![]()