![]()
Երեկ ԱԺ-ում հատուկ նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ Չարենցավանում կորոնավիրուսով վարակվածության դեպք է գրանցվել: Չարենցավանի համայնքի ղեկավար Հակոբ Շահգալդյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ նախնական տվյալներով՝ Շենգավիթի կարի արտադրամասից 2 կին կան: «Նախնական վարկածով՝ վարակված են այդ 2 կանայք։ Սակայն հիմա իրենց թեստի արդյունքներին են սպասում, որի մասին առողջապահության նախարարությանը կներկայացնի նաև իրենց կայքէջում։ Մենք պատրաստ ենք արագ արձագանքել»,- ասաց Հակոբ Շահգալդյանը։
Հետաքրքրվեցինք՝ ինչ միջոցառումներ են այս պահին ձեռնարկվում, ինչ աշխատանքներ են իրականացվում Չարենցավանում, արդյոք ախտահանո՞ւմ են փողոցները, հասարակական տրանսպորտը: «Մենք ինֆորմացիա ունենք, որ իրենք ախտահանիչ աշխատանքներ հասարակական տրանսպորտում անում են։ Եթե նախկինում չվերթները Երևան 15-20 րոպեն մեկ էր, հիմա 40 րոպեն մեկ է։ Իսկ ոստիկանությունը, ինչպես ձեռնարկությունները, նորմալ ռեժիմով իր աշխատանքն անում է։ Պանիկա չկա։ Ուղղակի այս պահին նախնական այս վիճակն ունենք գրանցված, որը մենք չենք կարող այս պահին հաստատել։ Կարծում եմ՝ մի 2 ժամվա ընթացքում կա՛մ կհաստատվի, կա՛մ կհերքվի»,- հավելեց նա։
Չարենցավանի երկու կանայք այս պահին, քաղաքապետի խոսքով, մեկուսացված են և սպասում են իրենց թեստի պատասխաններին։ Նրա խոսքով՝ թեև քաղաքում խուճապ չկա, բայց մարդկանց մոտ կա մտահոգություն. «Իմ կարծիքով՝ խանութներ դատարկելն այդքան էլ ճիշտ չէ։ Ես և՛ խանութից, և՛ դեղատնից առանց որևէ խնդրի կարողացել եմ ապրանքներ ձեռք բերել։ Մարդիկ կան, որ մի փոքր չափազանցության են հասնում»։
Իսկ թե կանխարգելիչ ինչ միջոցառումներ կիրականացվեն քաղաքում, քաղաքապետը նշեց, որ կսպասեն կառավարությունից կամ մարզպետարանից կոնկրետ հանձնարարությունների, իսկ այս րոպեին դրա անհրաժեշտությունը չկա։
Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանն էլ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ երեք հոգի են, բայց այս պահին հավելյալ այլ գործողություն, քան երեկվա հայտարարվածն էր, չեն անում. «Փորձում ենք այնպես անել, որ խնդիրներ չառաջանան, շրջել եմ խանութներում, չկա խուճապ, չկան խնդիրներ»։
Նյութի աղբյուր՝ 1in.am
![]()