![]()
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը կառավարությունում կորոնավիրուսի հարցով հրավիրված նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ կիրակի օրը Իտալիայից Հայաստան իրականացվելիք չարտերային չվերթին:
«Մենք կազմակերպչական փուլ ունենք, դրա համար բոլոր հարցերի պատասխանները հենց հիմա չունենք իրականում: Բայց շատ սերտ աշխատում ենք Առողջապահության, Արտաքին գործերի նախարարությունների հետ, որպեսզի հասկանանք վերջնական քանակը»,- ասաց Ռևազյանը: Նրա խոսքով՝ աշխատանքներ են տարվում այն ուղղությամբ, թե ինչպես կազմակերպել չվերթը, որպեսզի նվազեցնեն միմյանց վարակելու հավանականությունը:
Հարցին, թե ժամանողները զբոսաշրջիկնե՞ր են, նա պատասխանեց. «Խառը, զբոսաշրջիկներ էլ կան, ուսանողներ էլ, այնտեղ բնակվող հայեր էլ կան»:
Օդային սահմանը փակելու մասին հարցին անդրադառնալով՝ Ռևազյանն ասաց՝ թվում է դա մի քայլ, որը մեր բոլոր խնդիրները կլուծի: «Բայց ես ձեզ պարզ ասեմ, որ դա կարող է խնդիրը լրջացնել, որովհետև նույն այս ուղևորները, որոնք գալիս են ու վարակված են եղել, եթե իրենք տրանզիտով գային, շատ ավելի բարդ կլիներ իրավիճակը: Մենք ունենք ուղիղ չվերթ, կարող ենք միջոցառումներ կազմակերպել օդանավակայանում, որ իրենք տարանջատված լինեն մնացած ուղևորներից, չխառնվեն նրանց հետ, իսկ եթե տրանզիտով են գալիս, շատ ավելի բարդ է»,- ասաց նա:
![]()