«Հորդորում եմ, որ պատգամավորները և ԱԺ աշխատակիցները նվազեցնեն ֆիզիկական հաղորդակցությունը այլ անձանց հետ…». Արարատ Միրզոյան

Կորոնավիրուսի վարակի տարածման հավանականությունը նվազեցնելու, առողջապահության համակարգի արդյունավետությանը նպաստելու և վարակը հաղթահարելու գործում կարևոր է յուրաքանչյուրիս մասնակցությունը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

«Ուստի հորդորում եմ, որ ելնելով հանրային առողջության նկատմամբ պատասխանատվությունից՝ ԱԺ պատգամավորները և աշխատակիցները հնարավորինս նվազեցնեն ֆիզիկական հաղորդակցությունը այլ անձանց հետ և իրենց աշխատանքային պարտականությունները կատարեն առցանց, իսկ վերջին երկու շաբաթվա ընթացքում գործուղման մեկնած կամ որևէ ռիսկային խմբի ներկայացուցչի հետ ֆիզիկական շփումներ ունեցած գործընկերները ժամանակավորապես հնարավորինս ինքնամեկուսանան»,-գրել է Միրզոյանը։

Նա կոչ է արել խստորեն հետևել Առողջապահության նախարարության ցուցումներին, հաճախակի ախտահանել ձեռքերը և ձեռքերով հաճախ հպվող առարկաները, խուսափել դեմքին դիպչելուց, խուսափել զանգվածային միջոցառումներին մասնակցելուց։

«Միաժամանակ տեղեկացնում եմ, որ հաշվի առնելով մանկապարտեզներում և դպրոցներում դասապրոցեսի՝ վարակի կանխարգելմամբ պայմանավորված ժամանակավոր ոչ բնականոն ընթացքը, ԱԺ այն աշխատակիցների նկատմամբ, ովքեր մանկապարտեզ կամ տարրական դպրոց հաճախող երեխա ունեն և իրենք են հոգում այդ երեխայի խնամքը, աշխատանքային օրվա ընթացքում ողջախոհության սահմաններում կարճատև բացակայությունների համար կարգապահական տույժեր չեն կիրառվի»,-գրել է ԱԺ նախագահը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ