Վարչապետ Փաշինյանին հայհոյելու համար ներողություն պահանջելու հրապարակման հիման վրա Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին հայհոյանքներ հնչեցնելու համար «Հեղափոխության պահապաններ» խմբի մասնակցի կողմից ներողություն պահանջելու հրապարակման հիման վրա Ոստիկանության Նաիրիի բաժնում նյութեր են նախապատրաստվում: Այս մասին հայտնում է ՀԺ-ն՝ վկայակոչելով Ոստիկանության լրատվական բաժնին:

Հիշեցնենք՝ օրերս, երբ վարչապետը նախընտրական քարոզարշավի ժամանակ «ՀՀ հպարտ քաղաքացու անձնագիր» անունով բուկլետ էր տվել մի երիտասարդ աղջկա, վերջինս այն պատռել էր և նետել վարչապետի ուղղությամբ։ Դրանից հետո համացանցում հրապարակվել էր տեսանյութ, որում աղջիկը ոմն «գյուղապետի» հետ զրույցում պատմում էր դեպքի մանրամասները, գյուղապետն էլ ընթացքում հայհոյանքներ էր հնչեցնում վարչապետի հասցեին: Դրանից հետո «Հեղափոխության պահապաններ» ներկայացած մի խումբ երիտասարդներ հանդիպել են «գյուղապետի» հետ և ասել, որ նա ներողություն խնդրի, ինչն էլ արվել է:

Ավելի վաղ հայտնել էինք՝ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` հայտնելով, որ մարտի 11-ին «Հեղափոխության պահապաններ» անունը կրող մի խումբ անձինք այցելել են ՀՀ քաղաքացու աշխատավայր և նրան ահաբեկել ՀՀ վարչապետին հայհոյելու համար։

Անի Սամսոնյանը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել ՀՀ դատախազություն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ