«Կորոնավիրուսային թեստերի նոր խմբաքանակն արդեն ներկրվել է…». Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Հայաստանում թեստերի, ախտահանիչների և դիմակների առկայության և կորոնավիրուսի հետ կապված այլ խնդիրներին:

«Թեստերի նոր խմբաքանակը, որում ներառված է 2000 թեստ, արդեն ներկրվել է»,- հայտնեց նախարարը:
«Ախտահանիչների հետ կապված իրավիճակը կարծես ավելի լավ է, քանի որ լոկալ արտադրություն ունենք, սակայն գնային մասով շուկայում լարվածություն կա»,- նշեց նա:

«Դիմակների մասով նշեմ, որ բժշկական հիմնարկներին տրամադրելու քանակներ ունենք, մոտավորապես 200 հազարի չափով: Գիտենք, որ մոտավորապես 300 հազար ներկրում է եղել Հայաստան, սակայն ձեռքբերման գինը դրսում ի սկզբանե շատ բարձր է եղել, և այդ բարձր գնով սպառելն առաջացնում է տպավորություն, թե սպեկուլյացիա կա: Հիմա ՏՄՊՊՀ-ը, հանրային իրազեկում անելով և ներմուծողի հետ քննարկելով, փորձում է այդ հարցը լուծել»,- ասաց նա՝ նշելով, որ փողոցում դիմակ կրելու անհրաժեշտություն չկա:

«Դա պետք է կրի հիվանդ մարդը՝ մյուսներին պաշտպանելու համար, կամ այն մարդը, որը շփվում է  հիվանդի հետ՝ ի դեպ, բոլոր շնչառական հիվանդությունների դեպքում»:

Նախախարն այս անգամ ևս նշեց, որ վիրուսը տաք եղանակին ոչնչանում է՝ որպես օրինակ նշելով այն, որ տաք երկրներում այն հազվադեպ է տարածվում:

«Մենք, լինելով հյուսիսային կիսագնդում, դեռ այնպիսի ջերմաստիճան չունենք, որ ասենք, վարակի հավանականություն չկա. հավանաբար, ամբողջական վերացում չի լինի նույնիսկ տաք եղանակին, այլ հնարավոր է՝ փոքր դեպքերով տարածումը շարունակվի»,- ասաց նա՝ ընդգծելով, որ եղանակը միանշանակ բարենպաստ է ազդում, բայց ասել, որ շատ տաք եղանակն ընդհանրապես բացառում է տարածումը, չի կարելի:

Պատվաստանյութի վերաբերյալ նա ասաց, որ ընդհանրապես բժշկագիտական հանրույթի արձագանքն այս նոր վիրուսին շատ ակտիվ է և շատ արդյունավետ: Սակայն պատվաստանյութերը կարիք ունեն թեստավորումները կենդանիների, հետո մարդկանց վրա, այսինքն՝ մի քանի փուլ պետք է անցնեն, և դա միջինում մեկ տարուց պակաս չի կարող տևել:

«Եթե համաճարակը շարունակվեց, և տեմպերն ավելացան, ապա դա լինելու է միակ լուծումը»,- ասաց Թորոսյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ