![]()
«Որոշումների առումով դեռ չշտապենք. որոշումները կայացվում են օրական ռեժիմով, երբեմն՝ ժամային և հնարավոր է՝ ցանկացած պահի այլ որոշում կայացվի»,- լրագրողներին ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք երկրի ղեկավարությունը մտադրություն չունի դադարեցնելու Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը և փակելու ուսումնական հաստատությունները:
«Չի բացառվում, որ որևէ սահմանափակող միջոցառում տեղի ունենա, այդ թվում՝ հանրային հավաքների հետ կապված: Մենք բազմիցս նշել ենք, որ հանրային առողջությունը և քաղաքացիների առողջությունն ամենակարևորն է ՀՀ-ի գործող կառավարության համար, և որևէ քաղաքական դրդապատճառ մեզ հետ չի պահի նման որոշումից: Որոշումները կկայացվեն և դրանց մասին հանրությունը պատշաճ կերպով կտեղեկացվի»,- ընդգծեց նախարարը:
Ինչ վերաբերում է ուսումնական հաստատությունները կրկին փակելու խնդրին, ապա նախարարն ասաց, որ կորոնավիրուսի վարակի մեկ դեպքի հաստատման հետևանքով դասերի դադարեցումը շատ պարզ բացատրություն ուներ. դա արվեց՝ հասկանալու համար, որ լոկալ տրանսմիսիա չի եղել:
«Որոշվեց 5 օրանոց արձակուրդը տեղափոխել առաջ: Հիմա ունենք նոր իրավիճակ, և այսօր որոշում կկայացվի դրան համապատասխան»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է այն քննադատներին, որոնք ասում են, թե այլ երկրներում ավելի խիստ միջոցառումներ են անցկացվում, ապա Թորոսյանն ասաց, որ շատերը, հավանաբար, չգիտեն այդ միջոցառումների մանրամասները, պարզապես մամուլից վերցրած նյութերն են արտաբերում, բայց ցանկացած երկիր իրականացնում է իրավիճակին համահունչ միջոցառումներ:
Նա ևս մեկ անգամ կոչ արեց հետևելու պաշտոնական լրահոսին և ստահոդ տեղեկություններ տարածողներին տուրք չտալու:
![]()