![]()
Ամեն ինչ սկսվել էր Պետական դումայի արձակման ու խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման հարցի քննարկմամբ, որի մասին մի քանի ամիս արդեն շշուկներ էին պտտվում: Բայց այդ հարցով քննարկումը չստացվեց, ու սահմանադրական փոփոխությունների հարցերը քննարկելիս հանկարծ ամբիոնին է մոտենում պատգամավորներից մեկը՝ մեզ հայտնի առաջին կին տիեզերագնաց, հիմա արդեն քաղաքական գործիչ Վալենտինա Տերեշկովան և նման հայտարարություն անում.
«Փոփոխությունների տարբերակները, որոնք քննարկվում են բաց հրապարակներում ու պարզապես խոհանոցներում, Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի մասին են: Եվ այստեղ խորամանկելու և հնարամտելու բան չկա: Մարդկանց անհանգստացնում, նույնիսկ մտահոգում է, թե ինչ է լինելու 2024 թվականից հետո:
Պետք է կա´մ Սահմանադրությունից ամբողջությամբ վերացնել նախագահելու ժամկետների սահմանափակումները, կա´մ, եթե դա պահանջում է իրավիճակը. և կցանկանան մարդիկ օրենքում հնարավորություն ընձեռել գործող նախագահին` թույլ տալ նորից ընտրվել այդ պաշտոնում՝ արդեն նոր Սահմանադրության համաձայն»,- ասել է Վալենտինա Տերեշկովան:
Մինչ այդ Պուտինը բազմազավակ մայրերի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ չի պատրաստվում հատուկ կոնստրուկցիաներ մտածել, ավելին, «Ռոսիա-1»-ին տված հարցազրույցում նա նաև դեմ էր արտահայտվել նախագահական ժամկետների սահմանափակումները վերացնելուն:
Բայց Դումայում Տերեշկովան իր ելույթում պատգամավորներին իր առաջարկը հիմնավորել է՝ նշելով, թե Պուտինի վերընտրությունը երկրի համար կլինի կայունացնող գործոն:
Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, ի պատասխան, հայտարարել է, որ նման փոփոխության ընդունման համար անհրաժեշտ է խորհրդակցել նախագահի հետ և ընդմիջում է հայտարարել, ապա որոշ ժամանակ անց լրագրողները նախ` նկատել են նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Յարինին, ապա հայտնի է դարձել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը անձամբ կգա Պետդումա:
Մինչ Պուտինի գալը պատգամավորներին բաժանվել էր Տերեշկովայի առաջարկը, որտեղ նա արդեն կոնկրետացրել էր այն՝ կանգ առնելով նախագահական նախորդ ժամկետները զրոյացնելու տարբերակի վրա: Այդ տարբերակը նախագահ Պուտինի սրտով է:
«Այդ տարբերակը հնարավոր կլիներ, սակայն մի պայմանով, եթե Սահմանադրական դատարանը պաշտոնական եզրակացություն տա, որ նման փոփոխությունը չի հակասում օրենքի հիմնական դրույթներին: Անհրաժեշտ կլինի, որ նման տարբերակին հավանություն տան նաև քաղաքացիները համառուսական քվեարկության ժամանակ»,– ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Արդյունքում` նախագահական պաշտոնավարման ժամկետի զրոյացման առաջարկությունն ընդունվեց, որին կողմ արտահայտվեց 380 պատգամավոր: Դեմ արտահայտվեցին կոմունիստ պատգամավորները՝ 43 հոգի: Եվ եղավ 1-ը, որը ձեռնպահ մնաց: Դրան արձագանքել է Ռուսաստանի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին իր թվիթերյան էջում:
«Ինչ հետաքրքիր է ստացվում: Գործող Սահմանադրությունը երաշխավորում է, որ ես հստակ կարող եմ մասնակցել նախագահական ընտրություններին, իսկ Պուտինը՝ հստակ ոչ: Պրակտիկայում ես ՄԻԵԴ-ի երկու դատ եմ շահել, բայց, փաստորեն, անկախ ամեն ինչից, չեմ կարող մասնակցել: Իսկ Պուտինը, որը ղեկավարել է երկիրը 20 տարի, անկախ ամեն ինչից, գնում է դեպի պաշտոնավարման առաջին շրջան»,- գրել է Ալեքսեյ Նավալնին:
Պետդումայի որոշումը՝ այն էլ նախագահական հավանությամբ, արդեն իսկ առանցքային նշանակություն ունի, սակայն մինչև այն կիրառության մեջ դնելը, ըստ իրավական ընթացակարգի, նախ` պետք է Սահմանադրական դատարանը իր որոշումը կայացնի՝ նշելով, թե նախագահական ժամկետի զրոյացման առաջարկը որքանով է համապատասխանում Սահմանադրությանը:
Եթե դա հաստատվի, ապա ապրիլի 22-ին հանրաքվե կանցկացվի և կորոշվի դրա ճակատագիրը:
![]()