Թուրքական կազմակերպությունը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

ԱՄՆ-ի Կոլորադո նահանգում գործող թուրքական համայնքի ներկայացուցիչների կողմից ստեղծված ոչ կառավարական «Multicultural Mosaic Foundation”(MMF)անունը կրող հիմնադրամը ճանաչել է 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը:

Կազմակերպությունը մամլո հաղորդագրություն է տարածել, որում ասվում է, որ երեք տարի առաջ ստեղծվել է հանձնաժողով ՝ ուսումնասիրելու Օսմանյան կայսրության հայ բնակչությանը վերաբերող 1915 թ֊ի իրադարձությունները:

Երեք տարի շարունակ հանձնաժողովի անդամները մասնակցել են օսմանյան ու հայոց պատմությանը և ցեղասպանությանը վերաբերող դասախոսություններին և քննարկման հարթակներին: Նրանք հանդիպել են ցեղասպանությունը վերապրած հայերի սերունդներին, ուսումնասիրել են ակադեմիական աշխատանքներ և դիտել վավերագրական ֆիլմեր:

Արդյունքում, հանձնաժողովը որոշել է քվեարկել Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին, և դրա անդամների մեծ մասը հենց այդպես էլ վարվել են։

Հանձնաժողովի որոշումը ներկայացվել է հիմնադրամի խորհրդին, որն էլ հետևելով հանձնաժողովի օրինակին մարտի 7֊ին ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։

MMF հիմնադրամը ստեղծվել է 2003 թ.-ին և իրեն ներկայացնում է որպես մի կազմակերպություն, որի գործունեությունը նվիրված է հասարակության մեջ բարոյական և մշակութային արժեքների խթանմանը՝ ի նպաստ հանդուրժողականության և երկխոսության: Հիմնադրամը կապված է նաև թուրք քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի անվան հետ:

ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն ավելի վաղ հաղորդել էր, որ Իսպանիայի Վալենսիա նահանգի Օնտինենտ նահանգի քաղաքային խորհուրդը նույնպես ճանաչել է 1915 թ֊ի Հայոց ցեղասպանությունը։

Նյութի աղբյուր՝ slim.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ