Ինչպես են Վստրեչի Ապերին փորձում փռել ասֆալտին

Վստրեչի Ապեր մականունով հայտնի Արամ Վարդանյանի տան վրա ոստիկանական հարձակումից հետո Վարդանյանը ասաց, որ իրեն երկու անգամ փորձել են, այսպես ասած, փռել ասֆալտին, սակայն չի հաջողվել։

Դրանից հետո նա մոտ երկու ամիս Հայաստանում չի գտնվել։ Դրա համար էլ նրան զանգել և գործարք են առաջարկել՝ գալ Հայաստան, «թույլ տալ», որ իրեն փռեն ասֆալտին, որ դա նկարեն, ցույց տան «վերևներին», որից հետո հա՛մ իր համար լավ կլինի, հա՛մ՝ կոնկրետ անձանց։

Hraparak.am-ի ձեռքի տակ է հայտնվել Վստրեչի Ապերին ոստիկանական ուժերի կողմից «ասֆալտին փռելու» փորձի բացառիկ տեսանյութը, որտեղ ոստիկանները Արամ Վարդանյանի տան դիմաց մի քանի մեքենայով շրջափակում են Mercedes G-Class մակնիշի ամենագնացը, որում այդ պահին գտնվում էր Վարդանյանը ու հարձակվում նրա վրա, որ փռեն ասֆալտին։

Սակայն այդ պահին օգնության են հասնում Վստրեչի Ապերի ընկերներն ու «բոյ» տալիս ոստիկանների դեմ՝ թույլ չտալով Ապերին բռնել։

Արդյունքում Արամ Վարդանյանին հաջողվում է փախչել մտնել դարպասներից ներս։ Ոստիկաններն էլ քոռուփոշման թողնում հեռանում են՝ իրենց հետ տանելով Արամ Վարդանյանի կողմնակիցներից մեկ-երկուսին, որոնք հետո ազատ են արձակվում։ Նկարագրված դեպքը տեղի է ունեցել այս տարվա հունվարի 18-ին, ինչը երևում է տեսագրության մեջ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ