Մեկնարկել է վարչապետ Փաշինյանի բրյուսելյան այցը


Փաշինյանի Բրյուսել աշխատանքային այցի օրակարգում նաև Եվրամիության կառույցների պաշտոնյաների հետ հանդիպումներն են։ Դրանցից առաջինը Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հետ հանդիպումն է։ Այս մասին հայտնում է SHANTNEWS-ի թղթակիցը Բրյուսելից:

Հանդիպում է նախատեսված նաև Եվրահանձնաժողովի փոխնախագահ, արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելի հետ։ Վարչապետը կհանդիպի նաև Եվրախորհրդարանում ամենամեծը համարվող Եվրոպական ժողովրդական կուսակցության ղեկավար Դոնալդ Տուսկի հետ։

Հայաստան-Եվրամիություն հարաբերություններն այս պահին բնորոշվում են դեռևս 2017թ. նոյեմբերի 24-ին ստորագրված Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի իրականացման առանձնահատկություններով, ուստի վարչապետի այցի օրակարգի առանցքը հենց այդ համաձայնագրին վերաբերող հարցերն են։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Բյուսել՝ եվրոպական կառույցներ, տեղի է ունենում ԵՄ-ի համար բավական հետաքրքիր ժամանակահատվածում: Նախ` Եվրամիության թերևս ամենակարևոր իրադարձությունն այն է, որ հունվարի 31-ին կայացավ այդքան հայտնի «Բրեքզիթը», և այժմ Եվրամիությունը ներկայանում է առանց Մեծ Բրիտանիայի՝ անդամ 27 երկրներով:

Երկրորդ՝ 2019-ի դեկտեմբերից Եվրամիությունը գործում է նոր դեմքերի ղեկավարմամբ. մայիսին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով փոխվեց նաև եվրոպական կառույցների ղեկավարությունը՝ ըստ այդմ, Եվրոպական խորհուրդը ղեկավարում է Շառլ Միշելը՝ փոխարինելով Դոնալդ Տուսկին:

Գործնականում այս փոփոխությունները հետաքրքիր, բայց Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների համար առանցքային բան չեն փոխի: Հայաստանի և Եվրամիության հարաբերությունների կարգավորումը ընթանում է իրավական կարգավորման շրջանակում: Մինչ այժմ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները կանոնակարգվում են դեռևս 90-ականների վերջին ստորագրված 1996թ. Գործընկերության ու համագործակցության մասին համաձայնագրով: Այն ստորագրվել էր 1996-ին, սակայն ուժի մեջ մտավ 1999թ.: Ապա Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները ընթացել են 2004-ից Եվրոպական հարևանության, իսկ 2009-ից` Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում:

Եվ Եվրամիություն-Հայաստան հարաբերությունների կարգավորման նոր փուլը, բնականաբար, Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրն է:

աղբյուրը՝ SHANTNEWS

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ