ԱԺ-ն ընդունեց աշխատող ուսանողների ուսման վարձը փոխհատուցելու նախագիծը

Աշխատող ուսանողները կկարողանան անվճար սովորել մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և օրդինատուրայում:

Խորհրդարանն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Լիլիթ Մակունցի և Սիսակ Գաբրիելյանի հեղինակած Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու օրենսդրական առաջարկը: Նախագիծն ընդունվեց 102 կողմ,  2 դեմ և 4 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

Այս փոփոխություններով քաղաքական մեծամասնության պատգամավորներն առաջարկում են Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների՝ Կառավարության կողմից հաստատված մասնագիտություններով առկա ուսուցմամբ մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և օրդինատուրայում սովորող վարձու աշխատողի ուսման վարձը փոխհատուցել եկամտահարկի վերադարձի տեսքով:

Տեղեկացնենք նաև, որ օրենքի շահառու կարող են դառնալ միայն այն ուսանողները, որոնք ունեն աշխատանքային պայմանագիր. ծառայությունների մատուցման պայմանագրով (քաղիրավական) աշխատանք կատարող ուսանողը չի կարող օգտվել այս օրենքից:

Իսկ այն անձինք, որոնք երբևէ օգտվել են եկամտահարկի հաշվանցման ծրագրից օրինակ նորակառույց բնակելի համալիրից բնակարան ձեռք բերելու, չեն կարող օգտվել այս օրենքից:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ