«Սկսե՛լ լայնածավալ քարոզչական արշավ. սկսել հիմա ու չավարտե՛լ». վարչապետ Փաշինյան

ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ բանկերում հերթ կանգնելու խնդրին եւ նշեց, որ բանկերում հերթ կանգնելու կուլտուրան պետք է ապահովել. «Բանկային գաղտնիքի մասին օրենքի հետ կապված այդքան քննարկում, վիճում էինք, բայց բանկում մարդու բանկային գաղտնիքը ապահոված չէ, քանի որ շրջապատված է հետաքրքրասերների հայացքներով: Մարդը իր ընտանիքի անդամների հեռախոսների համար ուզում է վճարում անել, 4 հոգի մի կողմից են աչքերը չռած նայում, 4 հոգի մյուս կողմից»:

Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն ասաց, որ բանկերում այդ հարցը լուծվել է եւ նոր տեխնոլոգիաներ են օգտագործվում՝ օնլայն, հեռախոսներով վճարումներ կատարելու:

Վարչապետը կոչ արեց բջջային հեռախոսով վճարումներ անել, ոչ թե գնալ, հերթ կանգնել: Նիկոլ Փաշինյանը նաեւ նշեց, որ այդ ուղղությամբ եւս հանձնարարականներ տվել է, բայց չի տեսնում այդ հանձնարարականի կատարման ընթացքը: Նա կոչ արեց հոլովակներ պատրաստել, որ տեսնեն, թե ինչպես քաղաքացին կարող է տանը նստած, օնլայն գործիքներից օգտվել:

Վարչապետը ասաց, թե Մաշտոցի պողոտայում հարյուրավոր մարդկանց հետ շփվել է, որոնց մեջ տասնյակներ են եղել, ովքեր չեն իմացել, որ ապրիլի հինգին հանրաքվե է նշանակվել: «Ստացվում է, որ այդ ծրագրերը անում ենք ոչ թե մարդկանց կյանքը լավացնելու համար, այլ որովհետեւ գրանտ ենք ստացել, կամ վարկ կա, պետք է արագ ծախսենք եւ գրենք, որ ծրագիրը կատարված է, տեղյակ չեն մարդիկ, եւ այդ չտեղեկացվածության մեղավորը մենք բոլորս ենք»:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ նշեց, որ 3 ամիս առաջ մի հոլովակ էր նկարահանվել՝ անկանխիկ վճարումների հետ կապված, եւ սոցիալական ցանցերում լայն տարածում էր ստացել՝ մինչեւ 100 հազար դիտում է ունեցել:

Վարչապետը հակադարձեց. «100 հազարը համարում եք լայն տարածո՞ւմ: Լայն տարածումը այն է, երբ դա կունենա 15, 20 միլիոն դիտում, որ մարդը չորս անգամ նայի կարողանա այդ գործիքը օգտագործել»,- ասաց նա՝ հորդորելով այնպես տարածել, որ այդ հոլովակը ունենա 20, 30 միլիոն դիտում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ