![]()
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ վաղուց տված իր հանձնարականի:
«Խոսքը մեր գերատեսչություններում տեղադրվող տարբեր ապարատների մասին է, վճարումների, սուրճի ապարատների: Ես հանձնարարական էի տվել, որ այդ գործառույթները իրականացվեն մրցույթներով, այսինքն՝ ուղիղ որոշումներով նման հարցերը չկարգավորվեն, որպեսզի պետական գերատեսչության համար լավագույն պայմաններով արվի: Բայց ես տեղեկանում եմ, որ այդ հանձնարարականից հետո, կարծես թե, դեպք ենք ունեցել, երբ որոշում ենք կայացրել և ուղիղ գնում ենք կատարել այդ ծառայության, որքան ես հասկանում եմ՝ այդ ապարատները տեղադրելու համար պետությանը ոչ մի վճարում չի արվում: Ոչ ոքի վիճակ է, բայց ես կարծում եմ, որ տեխնիկական առաջադրանքներով պետք է փորձենք մրցույթ հայտարարել և վարձավճար վերցնենք, մի հատ տեսնենք այդ տարբերակով հետարքրքվող կա, թե չկա», — ասաց նա։
Վարչապետը հիշեց, որ այս թեմայով էլի առանձին-առանձին ուղղություններով հանձնարարականներ է տվել 2018 թվականի հուլիս-օգոստոսից, բայց այսօր իմանում է, որ այդ հարցերը կարգավորված չեն։ Նա վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանից հետաքրքրվեց, թե ինչն է պատճառը:
Վերջինս ասաց, որ սրանից մեկ տարի առաջ է հնչեցրել հանձնարարականը:
«Ձեր կողմից նշված խնդիրը արձանագրվել էր մեկ-երկու ուժային մարմինում և նախկինում գոյություն ունեցող կարգավորումները կառավարության որոշմամբ հնարավորություն է տրվել այդ մարմիներին առանց մրցույթի ձեռք բերվի», — ասաց նա:
Վարչապետը նշեց՝ եթե ինքը հանձնարարական է տալիս, ի՞նչ կապ ունի, թե կառավարության որոշմամբ ինչ կա:
«Կա որոշում՝ բերեք այդ որոշումը փոխեք, չեղյալ համարեք: Պարոն Աղաջանյան, գիտեք, շատ մեծ պրոբլեմ է, երբ ես հանձնարարական եմ տալիս և դրանից մեկ տարի հետո իմանում եմ, որ լիարժեք և ամբողջովին կատարված չէ, սա ի՞նչ է նշանակում», — ասաց Փաշինյանը:
![]()