![]()
Հայաստանում շարունակվում են կենդանիների նկատմամբ ցուցաբերված դաժան դեպքերը. Շիրակի մարզի Գյումրի քաղաքում հերթական շունն է խեղվել: Կենդանուն վիրահատել են, սակայն դեռեւս վիճակը ծանր է, գտնվում է անասնաբույժների հսկողության տակ, հնարավոր է՝ վիրահատական 2-րդ միջամտության կարիքը լինի:
Ինչպես տեղեկանում ենք «Դինգո Թիմ» հասարակական կազմակերպության հայտարարությունից, շանը Գյումրի քաղաքում այդպիսի վիճակում տեսել է քաղաքացիներից մեկը եւ ահազանգել: «Դինգո Թիմ»-ի ջանքերով նրան հասցրել են Երեւան եւ ցուցաբերել առաջին օգնությունը: Կենդանին վիրահատվել է «Օսկար Վետ» անասնաբուժական կլինիկայում:
Կլինիկայից մեզ տեղեկացրին, որ շան վրա, ամենայն հավանականությամբ, քիմիական նյութ են լցրել: Երեւան տեղափոխելուց հետո առաջին բուժօգնություն է ցուցաբերվել, սակայն վիրահատվել է 2 օր անց, քանի որ կենդանու մոտ արյան վարակ էր սկսվել: Անասնաբույժն սպասել է, երբ շան վիճակը կայունացել է, վիրահատական միջամտություն է արվել:
Ինչպես մեզ հետ զրույցում նշեցին «Օսկար Վետ» անասնաբուժական կլինիկայից, շան մկանային հյուսվածքը, ենթամաշկային ու մաշկային հյուսվածքը նորից կարվել են: Հնարավոր է՝ 2-րդ վիրահատության կարիք լինի, քանի որ վնասվածքները բավականին խորն են, կլինիկայում սպասում են մինչեւ կանցնի հետվիրահատական շրջանը, այդ ժամանակ արդեն պարզ կլինի:
Հիշեցնենք, որ հոկտեմբերին ՀՀ Ազգային ժողովն ընդունեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների հեղինակած կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեականացնող օրենքի նախագիծը, որը ներկայացրել էր ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ Օրենքը, սակայն, դեռեւս իրավական ուժ չի ստացել եւ չի կիրառվում, որովհետեւ այլ օրենքներում դրանից բխող փոփոխություններ են նախատեսվում:
Այս օրենքով նախատեսվում է տնային եւ անտուն կենդանու հանդեպ դաժան վերաբերմունքի (խեղելու, մասնատելու, թունավորելու, փորձարկելու, ողջ վիճակում անդամահատումը, մաշկահանումը, կենդանուն բարձրությունից նետելը, մարտերի կազմակերպումն ու անցկացումը) համար սահմանել տուգանք՝ 100-200 հազար դրամի չափով կամ կալանք՝ 1-3 ամիս ժամկետով կամ ազատազրկում՝ առավելագույնը 1 տարի ժամկետով։
Իսկ նույն արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ու առանձնակի դաժանությամբ, պատժվում է 300-500 հազար դրամի չափով կամ կալանքով՝ 1-3 տարի ժամկետով։
![]()