«Գոլդեն փելես»-ում բժիշկների հերթապահության կարիք չկա, իսկ սպասարկող անձնակազմը շրջապատի համար վտանգավոր չի կարող լինել

Իրանից ժամանած 32 քաղաքացիներին Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցում մեկուսացնելը հանրության շրջանում միանշանակ չընդունվեց: Մի մասը մտահոգություն հայտնեց, թե կարող է տուժել տուրիզմը, մյուս մասն ընդհանրապես կարծում էր, որ մարդկանց պետք է առանձնացնել հիվանդանոցներում:

ՀՀ առողջապահության նախարարության առողջապահության ազգային ինստիտուտի տնօրենի խորհրդական Դավիթ Պետրոսյանի խոսքով՝ ԲԿ-ի փոխարեն ընտրվեց հյուրանոցը, քանի որ տվյալ մարդիկ հիվանդ չէին, իսկ առողջներին չի կարելի մեկուսացնել կենտրոններում, որտեղ այլ հիվանդներ կան: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց նա՝ հավելելով, որ եթե առողջներին հիվանդանոցներում պահեն, նրանց այլ վտանգների կարող են ենթարկել:

Դավիթ Պետրոսյանի խոսքով՝ ընտրվեց «Գոլդեն փելես»-ը, քանի որ այն կատարյալ տեղ է մարդկանց արժանավայել պահելու համար, որպեսզի իրենց չզգան աքսորված եւ 2 շաբաթ դիմանան: Պայմանները շատ լավն են, եւ այդ պահին այնտեղ այլ հանգստացողներ չկային. շենքը չէր շահագործվում:

Այն պնդմանը, թե այս քայլը կարող է վնաս հասցնել Ծաղկաձորի տուրիզմին, նկատեց, որ բոլորն էլ գիտեն՝ 32 քաղաքացիները սարի գլխին են մեկուսացված, եւ վիրուսը չի կարող այնտեղից գլորվելով հասնել այլ հանգստացողների: Այս հանգամանքը նույնիսկ չի կարող խանգարել, որ շենքը հետագայում վաճառվի, քանի որ մասնագետները բազմիցս նշել են, որ մեկուսացվածները հիվանդ չեն, եւ հավանականությունը մեծ է, որ այդպես էլ վիրուսը նրանց մոտ չի հայտնաբերվի:

Հարցին ի պատասխան՝ նա նշեց, որ Հայաստանում համաճարակային ծառայությունը հզոր է. ԱՆ հիվանդությունների վերահսկման կենտրոնն աշխատում է բոլոր մարզերում եւ ընթացքում հետեւում ամեն ինչին, հյուրանոցում քաղաքացիներին սպասարկող անձնակազմը նույնպես պատրաստություն է անցել, թրեյնինգների մասնակցել:

Պետրոսյանը տեղյակ չէր՝ սպասարկող անձնակազմի մեջ միշտ լինում է բժիշկ, թե ոչ, եւ արդյոք սահմանվել է հերթապահություն, սակայն իր կարծիքով դրա անհրաժեշտությունը չկա, քանի որ մեկուսացվածները հիվանդ չեն, իրենց բժշկի օգնություն պետք չէ, տվյալ մասնագետը կարող է ամեն օր գնալ, հետաքրքրվել իրավիճակով եւ հեռանալ:

Արդյոք սպասարկող անձնակազմի դեպքում սահմանված է հերթապահություն, նույնպես դժվարացավ պատասխանել, միայն նշեց, որ անձնակազմն անհրաժեշտ հատուկ հագուստներով եւ դիմակներով ապահովված է, եւ նույնիսկ եթե իրենք դուրս գան եւ նրանց փոխարինեն, վտանգ չկա, քանի որ հագուստները պաշտպանում են, եւ տվյալ անձինք պոտենցիալ վիրուսակրի հետ կոնտակտ չեն ունենում:

Հավելելով Պետրոսյանին՝ հոգեբան Լիլիթ Խաչատրյանը նշեց, որ այս պահին հյուրանոցում մեկուսացված քաղաքացիների մասին ունի այնքան տեղեկություն, ինչքան բոլորս, սակայն կարելի է ենթադրել, որ գտնվող մարդիկ կունենան որոշակի տագնապային վիճակ, ինչ-որ մեկի մոտ այն կարող է շատ լինել, մյուսի մոտ՝ քիչ: Պատճառն այն է, որ այդ վիրուսի մասին մարդիկ շատ տեղեկատվություն չունեն:

Անձնակազմի թվի ու հերթապահության վերաբերյալ փորձեցինք տեղեկատվություն ստանալ նախարարությունից, սակայն լրատվության բաժնից նշեցին, որ այն խիստ աշխատանքային է, ինֆորմացիա չեն կարող տրամադրել:

Նյութի աղբյուր՝ armtimes.com

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ