![]()
Քանի որ կորոնավիրուսը, որպես այդպիսին, շատ վտանգավոր վիրուս չի համարվում, շատ հատուկ միջոցառումների կարիք չկա: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ ընդգծելով, որ մինչ այս պահը Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպք չկա:
Նա նշեց, որ մինչև Իրանի հետ սահմանը փակելու՝ Կառավարության որոշման ուժի մեջ մտնելը ՀՀ սահմանը բաց է եղել Իրանի քաղաքացիների համար, որոնք, սակայն, ավելի ուժեղացված ռեժիմով են հսկվել։
«Դրանից հետո արդեն բաց է միայն ՀՀ քաղաքացիների համար, և եթե փողոցներում էլ շրջենք, կտեսնենք իրանցի բազմաթիվ զբոսաշրջիկների կամ այլ պատվիրակության ներկայացուցիչների, որոնք ավելի վաղ են Հայաստան ժամանել»,-ասաց նա։
Նախարարը նաև նշեց, թե ԶԼՄ-ներով, տուրիստական գործակալությունների գործընկերների և պետական կազմակերպությունների միջոցով հորդորում են, որ եթե որևէ մեկի մոտ լինեն հիվանդության նշաններ, անպայման դիմեն բժշկական հաստատություններ, որպեսզի հաստատվի կամ հերքվի վիրուսի առկայությունը:
«Մինչս օրս կատարված 95 թեստերից որևէ հաստատում չի եղել: Բացի կլինիկական ախտանշաններ հայտնաբերելը և սահմանային անցակետերում ջերմություն չափելը, այլ էֆեկտիվ միջոցառում պարզապես չկա»,-նշեց նախարարը:
![]()