«Երբ որ դատավորի հետ խոսում ես, պետք է ոտքի կանգնես…». Ալեն Սիմոնյանը՝ Սերժ Սարգսյանի մասին

«Սերժ Սարգսյանն ուղղակի ասելիք չուներ», — անդրադառնալով դատարանի առջև Լեռնային Ղարաբաղի մասին նախկին նախագահի հայտարարություններին՝ կարծիք հայտնեց Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։

Բյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակությունը կազմակերպելու մեջ մեղադրվող Սերժ Սարգսյանը դատարանի առջև հավաքված համախոհներին խնդրելով վերադառնալ տուն՝ հորդորեց չմոռանալ Հայաստանի անվտանգության մասին։ Հետո իր կյանքի «գերագույն նպատակից» խոսեց՝ Լեռնային Ղարաբաղը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում:

Թե ինչու հենց այսօր, իր դատավարության մեկնարկին հարկ համարեց խոսել Արցախից, նախկին նախագահը չմանրամասնեց։ Ընդ որում Սարգսյանը իր կարճ ելույթն ունեցավ շարժական բարձրախոսով, որը տարիներ շարունակ ընդդիմադիրների համար էր առաջին անհրաժեշտության գործիք։

Ալեն Սիմոնյան. — «Բան չուներ խոսելու։ Հո գողացված բենզինից չէ՞ր խոսելու Սերժ Սարգսյանը։ Կամ գողացված ձայների ընտրությունների ժամանակ, էն կոռուպցիայից, որ իր ժամանակ տիրել է։ Չգիտե՞ս ինչի մասին խոսես, խոսիր Արցախից։ Քաղաքական գործընթաց, քաղաքական միտք այդ տեքստի մեջ որևիցե մեկը թող չփնտրի երկարատև դադարից հետո խոսքի մեջ։ Ակնհայտ էնտեղ մտածում է, թե ինչի մասին խոսի, և խոսում է մի բանի մասին, որի մասին միշտ կարելի է խոսել և լավը թվալ։ Կարծում եմ, տեղին չէր։ Ավելի լավ է խոսեր այն բանի մասին, ինչը վերաբերվում էր դատին»։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ