![]()
Այսօր դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ մեկնարկում է պետական բյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակությունը կազմակերպելու համար մեղադրվող Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական առաջին նիստը։
Գործով մեղադրյալներ են նաև նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանն ու Սերժ Սարգսյանի մտերիմ գործարարներից «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը, Գյուղնախարարության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանը և նույն նախարարության մեկ այլ բարձրաստիճան պաշտոնյա Գևորգ Հարությունյանը։
Ըստ Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ)՝ 2013 թվականին Սերժ Սարգսյանը կազմակերպել է, որ Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ և Սամվել Գալստյանի ու Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ Սերգո Կարապետյանը վատնի պետբյուջեից 15 միլիոն լիտր վառելիքի համար նախատեսված մոտ կես միլիարդ դրամ գումարը։
Քրեական գործի համաձայն՝ իր նախագահության ժամանակաշրջանում Սերժ Սարգսյանն այնպես է արել, որ հողօգտագործողներին գարնան գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելանյութ տրամադրի իր մտերիմ Բարսեղ Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ» ընկերությունը, և սա այն դեպքում, որ ավելի էժան գնային առաջարկ է ներկայացրել «Մաքսհուր» ընկերությունը:
Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։ Նա մեղադրանքը չի ընդունում, իսկ նրա փաստաբաներից Ամրամ Մակինյանն ավելի վաղ «Ազատության» հետ զրույցում պնդել էր, որ նախկին նախագահի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում. — «Մեր այն սկզբնական հայտարարությունները, որ այս գործում չկան և չեն կարող լինել ապացույցներ, որոնք կփաստեն ու կհիմնավորեն պարոն նախագահի առնչությունն իրեն մեղսագրված արարքին, հիմա հաստատում ենք, չկան ապացույցներ: Սա ոչ այլ ինչ է, քան պարոն նախագահի նկատմամբ սկսված քաղաքական հետապնդում»:
Շնորհակալ եմ, որ եկել եք ինձ սատարելու և պաշտպանելու արդարադատությունը. Սերժ Սարգսյանը ելույթ ունեցավ դատարանի բակում: #Լուրեր
Posted by Լուրեր on Tuesday, February 25, 2020
![]()