![]()
Չինաստանում բժիշկները հայտնաբերել են կորոնավիրուսի առկայություն այն հիվանդների մոտ, որոնք նախկինում բուժվել և դուրս գրվել հիվանդանոցներից: Այդ մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով Պեկինի նորություններին:
Նշվում է, որ կորոնավիրուսի բուժման բժշկական խմբի ղեկավար, պրոֆեսոր Չժաո Ցզյանպինն ասել է, որ եղել են դեպքեր, երբ հիվանդները բուժումից հետո կորոնավիրուսային թեստի բացասական արդյունքներ են ունեցել և դուրս են գրվել հիվանդանոցներից, սակայն հետագայում թեստը ցույց է տվել հիվանդության առկայություն:
Պրոֆեսոր Ցզյանպինն այդ իրավիճակը բացատրել է թեստերի անկատարությամբ, լաբորատոր աշխատակիցների հնարավոր սխալների և հիվանդների օրգանիզմի առանձնահատկություններով: Այնուամենայնիվ, նա չի կարողացել հստակ նշել՝ արդյո՞ք դա հիվանդության կրկնություն է, թե՞ նոր վարակ: Բժշկի խոսքերով՝ վիրուսը կարող էր «ամբողջովին չհեռանալ օրգանիզմից» կամ «արտադրվել են ոչ բավարար քանակությամբ հակամարմիններ»:
Այս կապակցությամբ, պրոֆեսոր Չժաո Ցզյանպինը շեշտել է, որ բոլոր հիվանդները դուրս գրվելուց հետո ևս 14 օր պետք է պահվեն լրացուցիչ կարանտինում: Ընդհանուր առմամբ, պրոֆեսորը Չինաստանում համաճարակային իրավիճակը համարել է «նախկինի պես ծանր»:
Նյութի աղբյուր՝ shantnews.am
![]()