![]()
«Հայկական ժամանակի» տեղեկություններով՝ Երեւանի կենդանաբանական այգում մի քանի օր առաջ եղնիկ է անկել: Ըստ նախնական վարկածի՝ կենդանու անկման պատճառն անփութությունն է:
Մեր տեղեկություններով՝ կենդանաբույժ Հարություն Հովհաննիսյանն աշխատողներին ասել է, որ եղնիկն անկել է կոկորդը խցանվելու հետեւանքով: Կենդանու կերակրափողը ամբողջությամբ լցված է եղել պոլիէթիլենային տոպրակներով եւ տուկի թելով, ինչի պատճառով էլ կենդանին չի կարողացել շնչել եւ խեղդվել է: Եղնիկն առողջ է եղել, հերձման ժամանակ այլ օրգանների ախտահարում չի հայտնաբերվել:
Կենդանին տարիքով փոքր էր՝ 3-4 տարեկան: Իսկ եղնիկներն անազատության մեջ ապրում են մինչեւ 16 տարի, որոշ դեպքերում՝ մինչեւ 20 տարի:
Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ անկած կենդանին Մանվել Գրիգորյանին պատկանող Ակնալճի հանգստյան գոտուց այգի տեղափոխված եղնիկն էր:
Հիշեցնենք՝ 2018 թվականի հունիսին «Վայրի բնության եւ հուշարձանների պահպանության հիմնադրամը» կենդանաբանական այգի էր տեղափոխել Մանվել Գրիգորյանին պատկանող Ակնալճի հանգստյան գոտու բնակատեղիում բնակվող քարայծերը, այծերն ու մեկ եղնիկ:
Մեր աղբյուրի խոսքով՝ կենդանաբանական այգու կուրատորն ազատված է աշխատանքից, այս պահին այգին չունի վերահսկող մասնագետ, ուստի նման ելքերից խուսափել հնարավոր չէ:
![]()
![]()