Ինչո՞ւ են հապաղում իշխանությունները․ Իրանի հետ սահմանը պետք է փակվի.

Կորոնավիրուսից մահացությունների թիվն աշխարհում շարունակում է  աճել: Հայաստանի հարևան Իրանում, որ, փաստորեն, մահացությունների ցուցանիշով Չինաստանից հետո երկրորդն է դարձել աշխարհում, կորոնավիրուսով վարակված մարդկանց ընդհանուր թիվն, ըստ վերջին տվյալների, հասել է 28-ի,   գրանցվել է մահվան 5 դեպք:

Համաճարակի թիրախ է դարձել Ղոմը (որտեղից և տարածվել է համաճարակը), դեպքեր են գրանցվել Արակում, Թեհրանում ու Գիլանում (վիճակագրությունն արագորեն փոփոխվում է և բացի պաշտոնականից կան նաև ոչ պաշտոնական տվյալներ, որոնք է՛լ ավելի անհանգստացնող են): Վարակակիրներ են հայտնաբերվել նաև Կանադայում ու Լիբանանում, ովքեր եղել են Իրանից մեկնած ճամփորդներ: Իր հերթին Քուվեյթը կորոնավիրուսի պատճառով դադարեցրել է ավիահաղորդակցությունն Իրանի հետ, Իրաքը նույնպես համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ էր ձեռնարկել՝ հաստատելով վիզային ռեժիմ:

Այսպիսով՝ Իրանը ցավալիորեն դառնում է համաճարակի տարածման տարածաշրջանային հիմնական աղբյուր՝ վտանգելով հատկապես հարևան երկրներն, ինչն էլ ստիպել է այդ պետություններին անբեկանելի, կտրուկ կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկել՝ առավելագույնս խուսափելու անկանխատեսելի զարգացումներից:

Հայաստանում, որն, ինչպես հայտնի է, իրանցիների նախընտրելի օտարերկրյա ուղղություններից մեկն է, ոմանք կարծես այնքան էլ հակված չեն արմատական, կտրուկ քայլեր ձեռնարկել, և որոշել են բավարարվել ընդամենն ասենք՝ մարդկանց «թևի տակ ջերմաչափ դնելով»:

Ինչո՞ւ չի փակվում Իրանի հետ սահմանը: Սպասում են՝ մի վարակված իրանցի հայտնաբերեն Երևանի կենտրոնում և միայն դրանից հետո՞ բավարար կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկեն: Ո՞րն է հապաղելու իմաստը: Ակնհայտ է, որ սահմանի փակումը տվյալ իրավիճակում չի կարող գնահատվել որպես ոչ բարեկամական քայլ հարևան ու բարեկամ ժողովրդի նկատմամբ, քանի որ խոսքը տվյալ պարագայում բոլորովին այլ բանի մասին է՝ ազգային անվտանգության, մարդկային կյանքերի, հետևաբար՝ պրակտիկորեն չկա գեթ մեկ պատճառ, որը կարող էր կաշկանդել Հայաստանին՝ պատասխանատվություն դրսևորելու ոչ միայն սեփական քաղաքացիների, այլև, թերևս, մյուս երկրների նկատմամբ (օրինակ՝ Վրաստանի, Ռուսաստանի): Ավելին՝ այն, որ հենց ներկա պահին հայ-իրանական սահմանը շարունակում է բաց մնալ, վկայում է, թերևս, իրավիճակին բավարար լրջությամբ չմոտենալու, «մատների արանքով նայելու» մասին:

Շուտով Նովրուզ է, ինչը նշանակում է, որ իրանցիների հոսքը Հայաստան և մեր երկրով նաև դեպի Վրաստան էապես մեծանալու է: Դա կարող է չափազանց ռիսկային լինել՝ հատկապես հաշվի առնելով այն, որ առայժմ միայն համաճարակի տարածման միտում է նկատվում, և ընդհանրապես հայտնի չէ, թե  ինչ մասշտաբներ կստանա այն տուրիստական սեզոնի ընթացքում:

Մարտահրավերն իսկապես իրական է, ինչը պետք է հարկադրի իշխանություններին՝ իրավիճակին ավելի լուրջ մոտեցում ցուցաբերել, քանի դեռ «բանը բանից չի անցել». հետո ուշ կլինի:

Նյութի աղբյուր՝ tert.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ