![]()
Սարգիս Ստեփանյանը 1990-2000 թվականներին սովորել է Երևանի՝ Պարույր Սևակի անվան թիվ 123 հիմնական դպրոցում։
2000 թվականին ընդունվել է Արցախի պետական համալսարանի հումանիտար ֆակուլտետի «Նախնական զինվորական պատրաստություն և ֆիզկուլտուրա» բաժին։ 2001 թվականին զորակոչվելով բանակ՝ պարտադիր զինվորական ծառայությունն անցկացրել է ԼՂՀ պաշտպանության բանակում։ Պարտադիր զինվորական ծառայությունն ավարտել է 2003 թվականին, ինչից հետո շարունակել է կրթությունը Արցախի պետական համալսարանում։ Ուսումն ավարտել է 2007 թվականին՝ ստանալով նախազորակոչային պատրաստության և ֆիզդաստիարակության ուսուցչի որակավորում՝ «Նախազորակոչային և ֆիզդաստիարակություն» մասնագիտությամբ։
2016-2017 թվականներին սովորել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետում՝ ստանալով ռազմական կառավարման մագիստրոսի աստիճան՝ «Միավորումների, զորամասերի կառավարում» մասնագիտությամբ։
2014 թվականի սեպտեմբերի 29-ին նշանակվել է հատուկ նշանակության բրիգադի տեղագրական ծառայության պետ։
2015 թվականի հունիսի 22-ին շնորհվել է մայորի զինվորական կոչում։
2019 թվականի սեպտեմբերի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հերթական զինվորական կոչում ստանալու կապակցությամբ ընդունել է ՀՀ և ԼՂՀ «Արիության համար» մեդալակիր, հաշմանդամություն ունեցողների բազկամարտի Եվրոպայի առաջնության կրկնակի չեմպիոն, աշխարհի առաջնության եռակի չեմպիոն Սարգիս Ստեփանյանին՝ վերջինիս շնորհելով ՀՀ ԶՈՒ փոխգնդապետի զինվորական կոչում։
Պարգևներ
- 2012 թվականի օգոստոսի 30-ին պարգևատրվել է Մարշալ Բաղրամյանի անվան մեդալով:
- 2013 թվականի հունվարի 25-ին պարգևատրվել է «Անբասիր ծառայության համար» 1-ին աստիճանի մեդալով:
- 2014 թվականին ԼՂՀ նախագահի թիվ 79-Ա հրամանագրով՝ պարգևատրվել է «Արիության համար» մեդալով:
- 2014 թվականին Հայաստանի Հանրապետության Նախագահի սեպտեմբերի 13-ի հրամանագրով՝ պարգևատրվել է Արիության մեդալով:
- 2016 թվականին Հայաստանի զինված ուժերի ծառայող մայոր Սարգիս Ստեփանյանը ծառայողական պարտականությունները կատարելիս դրսևորած մարտական սխրանքի ու անմնացորդ նվիրումի համար պարգևատրվել է «Հայկյան» մրցանակով։
![]()