![]()
Արցախում 4 տարի առաջ վիրավորված Հովհաննես Պողոսյանը հիվանդանոցում իրեն հյուր եկածներին դիմավորում էր լայն ժպիտը դեմքին, ուրախության փայլը՝ աչքերում: Այս 4 տարիներին Հովհաննեսին տեսած յուրաքանչյուր ոք կփաստի՝ գանգոսկրի պրոթեզավորման բարդ վիրահատությունից հետո նրա նեղված ու այլայլված հայացքն այլեւս չկա, ինքնավստահ է դարձել, տրամադրությունն էլ բարձր է:
Հովհաննես Պողոսյանը ծանր վիրավորվել էր 2016 թվականի մայիսի 13-ին Պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության հենակետերից մեկում:
Նա ստացել էր հրազենային միջանցիկ գանգուղեղային ծանր վիրավորում, գլխուղեղի սալջարդ, բազմաբեկորային վնասվածքներ։ Կյանքի հետ անհամատեղելի վիրավորում ստացած Հովհաննեսն իր համառության, կամքի եւ աշխատասիրության շնորհիվ հաղթահարեց բոլոր դժվարությունները: Այսօր նա խոսում է, քայլում, միայն ձեռքը շարժել չի կարողանում, բժիշկները հորդորում են համբերատար լինել, ժամանակի հարց է ընդամենը:
«Ամեն ինչ ցենտր ա, ինձ շատ լավ եմ զգում, հիմա ավելի լավ եմ դարձել, էն ժամանակ մտածում էի, նոր խոսում, բայց հիմա նորմալ խոսում եմ…»,- ասում էր Հովհաննեսը:
![]()