«Ձևավորվում է Ղարաբաղյան հարցի բանակցային նոր բովանդակություն…». Վարչապետ Փաշինյան

Հանրային հեռուստաընկերության եթերում ի թիվս այլ հարցերի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաեւ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում ընթացած Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ պանելային քննարկմանը, որին մասնակցել էր նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։

Ի՞նչ  անկալիքներով գնացիք,-հարցրեց Պետրոս Ղազարյանը: Վարչապետն ասաց իր կարծիքով այդ հանդիպումն ունի շրջադարձային նշանակություն մի քանի պատճառներով:

2018 թվականի մայիսից Ադրբեջանը փորձում է միջազգային ողջ հանրությանը համոզել, որ Հայաստանն ունի ապակառուցողական դիրքորոշում Ղարաբաղի հարցում: Այդ խոսակցությունը միջազգային հանրությանը շատ հստակ ցույց տվեց, որ Հայաստանն ունի կառուցողական դիրքորոշում Ղարաբաղի հարցում, իսկ Ադրբեջանն ունի ապակառուցողական, ընդհուպ ռասիզմին հասնող դիրքորոշում Ղարաբաղի հարցում:  «Սա ամենակարեւոր արդյունքն է»,-ընդգծեց վարչապետը:

«Երկրորդը, սա իմ կարեւորագույն խոստումներից մեկի իրականացումն էր, որ ՀՀ ժողովրդից Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացում ես որեւէ գաղտնիք չեմ ունենա: Անցել են ժամանակները, երբ Ղարաբաղյան հարցի նրբություններին, էությանը պետք է տիրապետի փորձագետների նեղ շրջանակ: Ոչ, դրան պետք է տիրապետի ողջ հայ ժողովուրդը: Ձեւավորվում է Ղարաբաղյան հարցի բանակցային նոր բովանդակություն, որը ես պայմանականորեն անվանում եմ Մյունխենյան սկզբունքներ»,-ասաց վարչապետը:

Այնուհետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց այդ սկզբունքները: Դրանք հետեւյալն են.

1.Լեռնային Ղարաբաղն անկախություն է ստացել այնպես, ինչպես Ադրբեջանը: Սա նշանակում է հետեւյալը. երբ խոսում ենք տարածքային ամբողջականության մասին, ո՞ր երկրի տարածքային ամբողջականության մասին ենք խոսում: Երբ որ Ադրբեջանն անկախություն է ստացել, հաշվի առե՞լ է, հարգե՞լ է, պահպանե՞լ  է Խորհրդային միության տարածքային ամբողջականությունը: Հակահարց կարող է հնչել, բայց այսօր Խորհրդային Միություն պետությունը գոյություն չունի, եւ գոյություն չունի այն պետությունը, որի կազմում եղել է Լեռնային Ղարաբաղը: Այդ պետությունը Ադրբեջանի սոցիալիստական հանրապետությունն է:

2.Լեռնային Ղարաբաղը կոնֆլիկտի եւ բանակցային կողմ է, առանց որի բանակցելու կոնֆլիկտը հնարավոր չէ լուծել:

3.Չկան տարածքներ, կա  անվտանգություն: Լեռնային Ղարաբաղը չի կարող զիջել իր անվտանգությունը:

«Եթե Ադրբեջանը ինչ որ ձեւով  համաձայնվում է այդ անվտանգությանը, որն ընդունելի է մեզ համար: Մենք պատրա՞ստ ենք տարածքներ զիջել»,-հարցրեց Պետրոս Ղազարյանը: Վարչապետն ասաց, երբ որ այդ ստատուս քվոն ձեւավորվել է, երբ որ Արցախի ինքնապաշտպանության ուժերն այդ տարածքներն առել են վերահսկողության տակ, իրենց  հաճույքի համար չեն արել, չեն ասել էսքանի փոխարեն էսքան տարածք ենք ուզում ունենալ: Այլ դա  արել ենր, որովհետեւ այլ տարբերակ չի եղել: Դա արել են,որպեսզի   Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները ԼՂՀ-ից հեռացվեն այնքան, որքան այդ իրավիճակի համար դառնան անհասանելի: Հետեւաբար տարածք հասկացությունն այս համատեքստում քննարկելի չէ, քննարկելի  է անվտանգություն հասկացությունը: Հետաբար, եթե կա առաջարկ անվտանգության ապահովման նույնքան արդյունավետ մի գործիքի Ադրբեջանի եւ միջազգային հանրության կողմից, այդ առաջարկը թող ձևակերպվի, հայ ժողովուրդը կքննարկի, դա ընդունելի է իր համար, թե ընդունելի չէ: Իմ կարծիքը հետեւյալն է. Ղարաբաղն իր անվտանգությունը չի կարող զիջել»:

4.Հնարավոր չէ կոնֆլիկտը լուծել մեկ կամ երկու գործողությամբ. բանակցային գործընթացում անհրաժեշտ են «միկրո հեղափոխություններ», ապա «մինի հեղափոխություններ», ապա ճեղքում:

5.Հարցի որեւէ լուծում պետք է ընդունելի լինի ՀՀ, Արցախի եւ Ադրբեջանի ժողովրդի համար, ընդ որում ՀՀ-ն եւ Արցախը պատրաստ են լրջագույն ջանքեր ներդնել այս գործում: Նման վերաբերմունք նաեւ պետք է Ադրբեջանն ունենա: Բանակցային ողջ պրոցեսը պետք է այնպես կազմակերպել, որ լուծումն ընդունելի լինի բոլոր կողմերի համար:

6.Մենք երբեք չենք ասում, որ պատրաստ ենք տարածք զիջել: Մենք ասում ենք չկա տարածքի հարց, կա անվտանգության հարց, որի շուրջ պատրաստ ենք բանակցել: Մենք ասում ենք Ղարաբաղի հարցը չունի ռազմական լուծում: Եթե որեւէ մեկը կասի, որ հարցը ռազմական լուծում ունի, Ղարաբաղի ժողովուրդը կասի՝ ուրեմն այն վաղուց լուծված է:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ