![]()
2019-ի նոյեմբերի 20-ից Հատուկ քննչական կոմիտեն հետախուզում է հայտարարել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ։ Նրան կալանավորելու որոշում է կայացվել։
Մինչ օրս Խաչատրյանի գործով, սակայն, որևէ նոր առաջխաղացում չկա։ ՀՔԾ-ից մեզ ասացին, որ գործով նոր հանգամանք այս պահին չկա։ Ոստիկանությունից էլ փորձեցինք հետաքրքրվել հետախուզման արդյունքներից, որտեղից մեզ պատասխանեցին․ «Ձեռնարկվում են միջոցառումներ նշված անձին հայտնաբերելու և նախաքննական մարմին ներկայացնելու ուղղությամբ»։
Հիշեցնենք, որ Սուրիկ Խաչատրյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը), 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (յուրացնելը կամ վատնելը) և 38-314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը) հարուցված քրեական գործով։ Ըստ մեղադրանքի` նա դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից, ինչպես նաև, պաշտոնեական դիրքն օգտագործելով և անձանց ապօրինի կարգադրություն տալով, դրդել է կատարել առանձնապես խոշոր չափերի վատնում ու պաշտոնեական կեղծիք, ինչի հետևանքով էական վնաս է պատճառել պետության շահերին:
Նյութի աղբյուր՝ factor.am
![]()