![]()
Աստված ավելի շատ կամենում է, որ մենք խնդրենք մեր մեղքերի համար, քան ուրիշներն անեն դա մեր փոխարեն: Երբ խնդրում ենք մարդկանց, մեզ հարկ է լինում և’ դրամ ծախսել, և’ ստրկաբար շողոքորթել, և’ շատ անգամ գնալ-գալ, և նեղություններ քաշել, որովհետև հաճախ անհնար և անմատչելի է լինում անմիջապես զրուցել վերևում կանգնածների հետ, այլ նախ անհրաժեշտ է լինում և’ դրամով, և’ զանազան զրույցներով գրավել նրանց ծառաների, կառավարիչների և վստահված անձանց ուշադրությունը և նրանց միջոցով ստանալ խնդրածը:
Եթե գալով որևէ մարդու մոտ, մեր մեջ հայտնաբերում ենք այնպիսի ինքնասուզություն, որ անգամ չենք նկատում կողքի կանգնածներին, այլ կենտրոնանալով խորհում ենք միայն այն մասին, ում մոտ եկել ենք, ապա առավել ևս նույնը պետք է անենք Աստծո հանդեպ. պետք է ուշադիր լինել աղոթելիս և չմտածել այլ բաների մասին:
Եթե լեզուն արտասանում է բառեր, իսկ միտքը թափառում է այլուրեք` խորհելով տան և հասարակաց գործերի մասին, ապա մեզ համար ոչ միայն օգուտ չի լինի, այլ հակառակը` դատապարտությունն ավելին կլինի:
![]()
Եթե մարդկանց այդքան ժամանակ ենք հատկացնում` ծառայելով բանակում, տանելով բազում դժվարություններ և ստրկաբար կատարելով պարտավորություններ, և վերջ ի վերջո, հաճախ կորցնում ենք անգամ հույսը, ապա մի՞թե մեր Տեր Աստծո համար, Ումից անպայմանորեն կստանանք պարգևներ, առավել շատ արդյունքներ, արիություն չունենք նույն կերպ վարվել: Եվ ի՞նչ պատժի արժանի բան է դա:
Չէ՞ որ անգամ չստանալու դեպքում Աստծո հետ մշտական զրույցն ինքնին բազում բարիքներ է պարունակում: Իսկապես մեծ բարիք է աղոթելը և դրա միջոցով Աստծո հետ զրուցելը:
Եթե առաքինի մարդու հետ զրուցելն օգտակար է, ապա ինչ հաճույք է ստանում նա, ով արժանանում է Աստծո հետ զրուցելուն:
Անմտությո՞ւն չէ ծառաներին հրամայել, որ անդուլ ծառայեն մեզ, իսկ ինքներս փոքր-ինչ ժամանակ չենք տրամադրում Աստծուն:
![]()