Վարչապետ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն Յարխուշտայի փառատոնի վերաբերյալ

Այս տարվանից սկսած ամեն տարի հունիսի երկրորդ շաբաթ օրը Արագածոտնի մարզի Դաշտադեմ համայնքում կկազմակերպվի փառատոն, որի պաշտոնական անվանումը կլինի «Զարկ ֆեստ», իսկ ոչ պաշտոնական անվանումը՝ յարխուշտայի փառատոն: Այս մասին այսօր կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք շատ ենք կարևորում մեր ժողովրդի ավանդույթների, մշակութային ավանդույթների և արժեքների քարոզչությունն ու գործնական տարածումը մեր իրականության մեջ, և մենք պետք է կարողանանք հստակ սահմաններ գծել, թե որն է մեր ազգայինը, որոնք են մեր ինքնության հետ կապված արժեքները, որոնք՝ ոչ: Այս առումով կարծում եմ, որ հայկական պարարվեստն իսկապես այն երևույթներից է, որ մենք վստահ կարող ենք դնել ազգային արժեք վերնագրի ներքո: Եվ այդ առումով, կարծում եմ, որ յարխուշտան մեր ազգային էությանը և ինքնությանը շատ հարիր և ամենաբնորոշ պարերից է ու մեր անելիքների, ոգու հետ կապված շատ մեծ էներգիա է պարունակում»,–ասել է Փաշինյանը:

Վարչապետը նշել է, որ տեղն էլ պատահաբար չէ ընտրված. Թալինի տարածաշրջանը հայտնի է որպես սասունցիներով բնակեցված տարածաշրջան, և գաղտնիք չէ, որ յարխուշտան առանձնահատուկ լավ է ստացվում սասունցիների մոտ: Փառատոնին կլինի նաև ամենամյա մրցութային ծրագիր: Առաջին, երկրորդ, երրորդ տեղերը գրավողները նաև որոշակի պարգևներ կստանան:

Փաշինյանի կարծիքով` յարխուշտայի փառատոնը նաև լավ միջավայր կլինի օտարերկրացի զբոսաշրջիկների համար:

Նշենք, որ փառատոնի շրջանակում նախատեսվում է անցկացնել յարխուշտայի մրցույթ, լինելու է մրցութային պարահրապարակ, հայկական արվեստը և արհեստը ներկայացնող տաղավարներ, ֆոտոլուսանկարահանման և զբոսաշրջային տեղեկատվական տաղավարներ, թանգարան-ցուցասրահ, կազմակերպվելու են հայկական պարի սկզբնավորմանը և պատմությանը վերաբերող վարպետության դասեր: Նախատեսվում է նաև ունենալ Արագածոտնի մարզի համայնքների գոտի, որտեղ համայնքների ներկայացուցիչները կներկայացնեն իրենց համայնքը, բնորոշ ավանդույթները, մշակույթը, խոհանոցը:

Փառատոնի կազմակերպչական հարցերի պատասխանատուն «Արենի փառատոն» հիմնադրամն է:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ