«Ամուսնության առաջարկն Արաքսյան է արել». Անդրանիկ Զաքարյանի եւ Արաքսյա Մելիքյանի ընտանիքը 13 տարեկան է

Թատերական ինստիտուտում սովորելու տարիները ճակատագրական են եղել Անդրանիկ Զաքարյանի եւ Արաքսյա Մելիքյանի համար: Դերասան-ամուսիններն այսօր նշում են ամուսնության 13-րդ տարեդարձը: Անդրանիկը խոստովանել է, որ ամուսնության առաջարկությունն Արաքսյան է արել:

«Չհասկացանք՝ ինչպես սիրահարվեցինք միմյանց, ծանոթության օրվանից շատ-շատ էինք վիճում, մի օր էլ Արաքսյան ջղայնացած ասաց՝ «Մի հատ կասես, մենք ամուսնանալո՞ւ ենք, թե՝ ոչ», ու այդպես սկսվեցին մեր հարաբերությունները, որին հաջորդեց ամուսնությունը: Ավանդական, մեծ եւ ուրախ հարսանիք ենք արել՝ արկածներով լի: Հյուրերն անկաշկանդ ուրախացել են»,- պատմել է Սունդուկյանի անվան թատրոնի դերասանը:

Անդրանիկը նշել է, որ հիշարժան ու ծիծաղաշարժ պահերը շատ-շատ են.«Այդ օրն այնքան լարված ու խառնված էի, որ երբ մտանք Արաքսյայենց թաղամաս, ասացի՝ այս շենքն է, հարսանքավորներն իջան ավտոմեքենաներից, ու սկսեցինք բոլորովին այլ շենքի դիմաց սինիները պարեցնել: Այդ պահին նկատեցի Արաքսյայի հորաքրոջը, ով կողքի շենքի պատուհանից հուշում էր, որ իրենց աղջիկն այնտեղ է ապրում:

Ներկաները պարելով տեղափոխվեցին մյուս շքամուտք (ծիծաղում է,-հեղ.): Այդ օրն է ծնվել նաեւ մեր լավ ընկերների՝ դերասաններ Նարեկ Հայկազյանի եւ Ծովինար Մարտիրոսյանի առաջնեկը՝ Անրին: Ծովինարը պատրաստվել էր մեր հարսանիքին, բայց ծննդատուն գնաց, Նարեկն էլ մենակ եկավ քեֆ անելու»:

Հոբելյանական երեկոն ամուսինները տանն ենք անցկացնելու.«Առավոտյան կնոջս հարցրի, թե ինչ կարելի է անել այսօր, նա էլ միանգամից պատասխանեց, որ մինչեւ երեկոյան ժամը 9-ն աշխատանքի է, ինչ էլ ծրագրենք, պետք է այդ ժամից հետո անենք: Որոշեցի, որ տանը տոնական ընթրիք կկազմակերպենք ու մեր երեխաների հետ կնշենք: Նվերի հարցն էլ դեռ չեմ հասցրել լուծել, ողջ օրն առջեւում է, մի բան կմտածեմ»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ