![]()
Ֆեյսբուքյան ուղիղ եթերում ազատամարտիկ, ՊՊԾ գնդի գրավման գործող անցնող Պավլիկ Մանուկյանը նշել է, որ բանակում այս ընթացքում ոչ մի բան չի փոխվել:
«Եթե մենք մեր զինվորին եւս մեկ անգամ թողենք մենակ, բարոյալքված ու հույսը կտրած զինվոր ունենանք, մենք կկորցնենք մեր հայրենիքը: Բանակում ոչ մի բան չփոխվեց, մնացին կոռումպացված գեներալները, մնացին նույն բարոյազուրկները: Կայազորային դատախազ են նշանակում բանակ չծառայած, բանակից պատկերացում չունեցող մի անձի:
Այսինքն գործեր կարելու էդ սովորական մեթոդը առ այսօր շարունակվում է: Հեղափոխություն ասվածը եկավ ոչ թե ուղղելու, վնասները շտկելու, այլ հարթելու, կոծկելու եւ ամենահզոր կետը, որ մենք ունենք` բանակը, դարձել է ամենախոցելին: Սիրելի ժողովուրդ, մեզ նման նախարար պետք չէ, մեզ նման շտաբի պետ պետք չէ, մեզ նման գերագույն գլխավոր հրամանատար, որը պատկերացում չունի բանակից եւ բանակում ծառայած չի, պետք չէ: Մեր պետության երաշխավորը բանակն է»,- ասաց նա:
Ազատամարտիկի խոսքով` ցավալին այն է, որ մահացած զինծառայողներին մահից հետո ստորացնում են` կատարվածը ինքնասպանություն որակելով․ «Մայրերը ողբում են նրա համար, որ ոչ թե զոհ են տվել, այլ անարդարության դեմ: Մայրերին պատասխանելու նույնիսկ շնորհք չունեն, հիմա էլ ներքաշել են «Այո»-ի եւ «Ոչ»-ի մեջ: Մենք հույս ունեինք, որ այս «ավգյան ախոռները» պետք է մաքրվեր, բայց ժողովրդին ներքաշել են այս ախոռներում «քուջուջ» անելու: Ոչ «Այո»-ն է մեզ պետք, ոչ էլ «Ոչ»-ը, արհամարհել է պետք: Ուղղակի բոյկոտել է պետք այս անառակությունը»։
![]()