Վարչապետ Փաշինյանի ու նրա հետ Գերմանիա մեկնած պատվիրակության հյուրանոցային ծախսերը ԳԴՀ-ն է հոգացել

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը վստահեցնում է, որ Նիկոլ Փաշինյանի և նրա հետ Գերմանիա մեկնած պատվիրակության անդամների հյուրանոցային ծախսերի վերաբերյալ տեղեկությունները սուտ են։

«Ֆեյսբուքյան օգտատեր Էմիլ Բաբայանն իր էջում գրել է, թե Նիկոլ Փաշինյանի հետ աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնություն այցելած պատվիրակության յուրաքանչյուր անդամի համար հյուրանոցային համարների ամրագրումն արժեցել է 400-500-ից մինչև 900 եվրո: Նախ ցանկանում եմ տեղեկացնել, որ նշված գումարի չափը իրականության հետ որևէ աղերս չունի: Եվ երկրորդը՝ Գերմանիայի Դաշնություն վարչապետի և պատվիրակության անդամների այցի կեցության ծախսերն ամբողջությամբ հոգում է գերմանական կողմը: Շնորհակալություն ուշադրության համար»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա:

Հիշեցնենք, որ վարչապետը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն է մեկնել այսօր աշխատանքային այցով, որը կտեւի մինչեւ փետրվարի 15-ը: Բեռլինում նախատեսված են հանդիպումներ ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի և Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ:

Փետրվարի 14-ին վարչապետը կմեկնի Մյունխեն, որտեղ կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը: Համաժողովի շրջանակում նախատեսված են վարչապետի մի շարք երկկողմ հանդիպումներ:

Ֆեյսբուքյան օգտատեր Էմիլ Բաբայանն իր էջում գրել է, թե Նիկոլ Փաշինյանի հետ աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնություն…

Posted by Eduard Aghajanyan / Էդուարդ Աղաջանյան on Thursday, February 13, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ