![]()
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Գերմանիա պայմանականորեն կարելի է բաժանել երկու մասի: Դրանք տարբերվում են նաև աշխարհագրական առումով՝ առաջին մասը` Բեռլին, երկրորդը՝ Մյունխեն: Առաջին հատվածը պաշտոնական հանդիպումներն են երկրի Գերմանիայի բարձրագույն ղեկավարության հետ:
Այստեղ առանցքայինը երկրի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպումն է: Վերջին անգամ վարչապետը կանցլերի հետ հանդիպել էր 2019թ. փետրվարին՝ Գերմանիա կատարած պաշտոնական այցի ընթացքում: Այս մասին հաղորդում է SHANTNEWS.am-ի թղթակիցը Գերմանիայից:
Դեռ մի քանի օր առաջ Գերմանիայի կառավարության ներկայացուցիչ Ուլրիկե Դեմերը հայտնել էր, որ Հայաստանի վարչապետն ու Գերմանիայի կանցլերը բանակցությունների ընթացքում կքննարկեն երկկողմ հարաբերությունները, տնտեսական փոխգործակցությունը, նաև արտաքին քաղաքականության ու անվտանգության հարցերը: Հանդիպումից հետո երկու երկրների ղեկավարները հանդես կգան լրատվամիջոցների համար հայտարարություններով:
Դրանից հետո վարչապետը հանդիպում կունենա Վոլֆգանգ Շոյբլեի հետ: Բեռլինում Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա նաև նաև ԳԴՀ գիտական, փորձագիտական շրջանակների հետ: Վարչապետի Գերմանիա կատարած այցի երկրորդ մասը արդեն Բավարական հողում է՝ Մյունխենում:
Ավանդույթի համաձայն` ամեն տարի հենց այստեղ է կայանում աշխարհաքաղաքականությանն ու գլոբալ անվտանգության հարցերին վերաբերող Մյունխենի անվտանգության համաժողովը: Անվտանգության համաժողովում Հայաստանն այս անգամ ներկայացված է երկրի վարչապետի մակարդակով:
Ընդհանուր առմամբ երկրների նախագահների ու կառավարությունների ղեկավարների մակարդակով է ներկայացված ավելի քան 40 երկիր: Անվտանգության համաժողովին կմասնակցի արտաքին գործերի մոտ 60 և պաշտպանության մոտ 40 նախարար: Ծավալային առումով այն որոշակիորեն գերազանցում է նախորդ տարվա մասնակիցների թիվը. եթե անցյալ տարի ընդհանուր մասնակիցների թիվը ավելի քան 600 էր, ապա այս տարի` շուրջ 800 հոգի: Մի քանի օրվա ընթացքում համաշխարհային լիդերները կքննարկեն գլոբալ անվտանգության խնդիրները՝ նկատի առնելով Մերձավոր Արևելքը:
Դրանցից դուրս չի մնա նաև աշխարհը պատուհասած և ոչ միայն զուտ առողջապահության տեսանկյունից վտանգ ներկայացնող կորոնավիրուսի բռնկման ու դրա դեմ պայքարի հարցերը:
![]()