![]()
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը Factor TV-ի եթերում անդրադարձել է ապրիլի 5-ին նախատեսվող սահմանադրական հանրաքվեին. «Շատ կարևոր է, որ մեզնում ժողովրդին դիմելու մշակույթը զարգացնենք։ Դա չափազանց կարևոր է ժողովրդավարության տեսնակյունից։ Այս որոշման ողնաշարը ՀՀ Սահմանադրության երկրորդ հոդվածն է, ըստ որի՝ իշխանությունը պատկանում է ժողովրդին։
Հիմա ստացվել է մի իրավիճակ, որ ժողովրդի իշխանությունը յուրացվել է և Սահմանադրական դատարանում՝ որպես դատավոր և նախագահ ընտրության մասով տեղի է ունեցել առերևույթ պաշտոնեական կեղծիք։ Իշխանության յուրացում է տեղի ունեցել և ոտնահարվել է Սահմանադրության 2-րդ հոդվածը։ Մենք՝ որպես ԱԺ, պարտավոր ենք քաղաքացիներին վերադարձնել իշխանությունը։ ՍԴ-ն այս կազմով տրոյական ձի է՝ ներդրված հայկական ժողովրդավարության սրտում, և այդ տրոյական ձին գնալով դառնում է սպառնալից»:
Իշխանական թիմը վերջին ժամանակներս անվստահություն է հայտնում միջազգային կառույցներին, մասնավորապես` Վենետիկի հանձնաժողովին: Այս առնչությամբ Կոնջորյանն ասել է. «Իհարկե, չեմ բացառում, որ նախկին ռեժիմի հոգեզավակներ կարող են փորձեր ձեռնարկել միջազգային կառույցների միջանցքներում՝ Գիքորի պես գլխիկոր վատաբանեն այսօրվա իշխանություններին, ստվերելով այն պայծառ կետերը, որոնք այսօր կան, հարվածելով ժողովրդավարության սրտին։
Սա հասկանալով՝ մենք մեր միջազգային գործընկերներին ճիշտ տեղեկատվություն կհաղորդենք, որպեսզի ունենան սինխրոն կարծիք մեր իրողությունների մասին»:
Նյութի աղբյուր՝ mamul.am
![]()