Ֆեյսբուքյան խմբերից մեկում ծնողին տրված խորհուրդը վերջինիս 4-ամյա երեխայի մահվան պատճառ է դարձել

Ֆեյսբուքյան խմբերից մեկում հակավիրուսային դեղամիջոցներից հրաժարվելու վերաբերյալ խորհուրդը ԱՄՆ-ի Կոլորադո նահանգում 4-ամյա երեխայի մահվան պատճառ է դարձել։ Այս մասին տեղեկացնում է NBC news-ը։

Մայրը պատմել է, որ երեխայի մոտ դեռ ախտորոշում չի եղել, սակայն փոքրիկը ջերմություն ու ուշաթափություն է ունեցել։ Ընտանիքի 4 երեխաներից 2-ի մոտ գրիպ է ախտորոշվել ու բժիշկը տան բոլոր անդամներին հակավիրուսային տամիֆլու է նշանակել։

Մայրը գրառում է կատարել «Դադարեցրեք պարտադիր պատվաստումները» ֆեյսբուքյան խմբում, որը ունի 178 հազար անդամ։ «Բժիշկը նշանակել է տամիֆլու, բայց ես այն չեմ կիրառել», – գրել է նա։

Նրան հորդորել են օգտվել միայն բնական միջոցներից՝ ինչպիսիք են անանուխի յուղը, նարդոսը, վիտամին C-ն։ Մայրը նշել է, որ նշված միջոցները չեն օգնում, և այլ խորհուրդներ է հարցրել։ Մեկնաբանություններում նրան խորհուրդ են տվել փորձել բուժել երեխային կրծքի կաթով, ուրցով, կտտկենու հատիկներով, չնայած դրանցից ոչ մեկը բժշկության մեջ գրիպի բուժման համար չի կիրառվում։

Երեխան, ի վերջո, հոսպիտալացվել է և չորս օր անց մահացել։

Կոլորադոյի հանրային առողջության և շրջակա միջավայրի վարչությունը հաստատել է, որ նախադպրոցական տարիքի երեխան մահացել է գրիպից, իսկ երեխայի անձնական տվյալներում տեղեկություն չկա՝ պատվաստվել է, թե ոչ։ Այնուամենայնիվ, ֆեյսբուքյան խմբի հին գրառումներում երեխայի մայրը նշել է, որ իր երեխաները պատվաստումներ չեն ստացել։

Facebook-ի տարածած հաղորդագրության մեջ ասվում է․ «Սա ողբերգություն է և մենք այդ ընտանիքի և նրանց հարազատների կողքին ենք։ Մենք չենք ցանկանում, որ պատվաստանյութերի վերաբերյալ Facebook-ում ապատեղեկատվություն տարածվի և ամեն ինչ անում ենք դա բացառելու համար՝ այդ թվում նաև փակ խմբերում»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ