![]()
Վաղը՝ փետրվարի 8-ին, Հայ առաքելանակ եկեղեցին տոնում է Սուրբ Սարգիսը։ Սիրո բարեխոսի տոնը նշում են ոչ միայն եկեղեցական ծեսերով, այլև ժողովրդի մեջ տարիների ընթացքում ձևավորված սովորույթներով։ Սովորույթները շատ են, նպատակը մեկը՝ սերը։ Ընդունված է, որ չամուսնացած աղջիկներն ու տղաները տոնին նախորդող գիշերն աղի բլիթ են ուտում: Համաձայն ավանդույթի՝ ապագա հարսնացուն կամ փեսացուն երազում ջուր պետք է բերի:
Թե ով պետք է պատրաստի աղաբլիթը, կարծիքներն ու տարբերակները շատ են։ Ընդունված ու տարածված տեսակետն այն է, որ պատրաստողը պետք է լինի ամուսնացած ու երջանիկ կին։
Խոհանոցի սիրահար Աննան սիրով համաձայնվեց աղաբլիթ պատրաստել։ Պատրաստման ընթացքում Աննան վերհիշեց Արամեի հետ անցկացրած առաջին սիրո տոնն ու խոսեց իրենց հարաբերությունների մասին։
![]()
Մինչև Արամեին հանդիպելն Աննան փորձել է բլիթի միջոցով գուշակել՝ ո՞վ է լինելու ապագա ամուսինը․ «Կարծում եմ, հետաքրքրությունից ելնելով, շատերն են կերել աղաբլիթ։ Տարիներ առաջ քույրիկներիս հետ շատ դժվարությամբ, մեզ տանջելով պատրաստեցինք այն ու մինչև վերջ կերանք։
Ավելի շատ մեզ գրավում էր բոլորով թխելու միտքը, պատրաստման ընթացքը, արարողությունը, սպասման հետաքրքրությունը։ Մեզ ոգևորելու համար շատերն ասում էին, որ երազին իրենց սիրելիին են տեսել, պատմություններ կային, որ անծանոթ մարդու են տեսել, որի հետ ապագայում ծանոթացել են։ Բայց ես երազ չտեսա։ Կարծում եմ՝ Սուրբ Սարգսի տոնը շատ գեղեցիկ է և հետաքրքիր ավանդույթներ ունի, որոնց կարելի է հետևել ու հավատալ»։
![]()
Աննան ծիծաղելով վերհիշեց, թե ինչպես են Արամեի հետ անցկացրել առաջին սիրո տոները․ «Մեր առաջին սիրո տոնը շատ լավ է տպավորվել, մինչև հիմա երկուսս էլ հիշում ենք։ Երբ դեռ հանդիպում էինք, նա սիրո տոներին ընդառաջ համերգ ուներ։ Չցանկացա առանց նվերի գնալ, իր համար փոքրիկ արջուկ գնեցի, դրեցի սրտաձև տուփի մեջ ու նվիրեցի։
![]()
Արամեն բարկացել էր, թե ինչու եմ նման բան արել, հիմա ծիծաղելով ենք հիշում։ Ասաց, որ նեղություն եմ կրել, գումար ծախսելու կարիք չկար, մյուս անգամ նման բան չանեմ։ Իհարկե, հիմա անպայման նվերներ պատրաստում ենք իրար համար, թեկուզ փոքրիկ, խորհրդանշական ինչ-որ բան, սակայն մեր բոլոր նվերներից իմ մեջ հենց այդ արջուկն է տպավորվել, քանի որ առաջինն էր, ինքն էլ անսպասելի ձևով արձագանքեց»։
![]()
![]()
![]()