Ինչ էր կատարվում ԱԺ նիստերի դահլիճում ընդմիջման ժամանակ

Ազգային ժողովի արտահերթ նիստը, որի օրակարգում ընդգրկված էին Սահմանադրական փոփոխության և ՍԴ-ին առնչվող օրենքների նախագծերը, այսօր մեկնարկից րոպեներ անց ավարտվեց։

«Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ այսօր հրավիրվել է Ազգային ժողովի արտահերթ նիստ, որի օրակարգում ընդգրկված է երկու հարց։ Սակայն, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 68-րդ հոդվածի առաջին մասի 7-րդ կետի համաձայն՝ նախաձեռնողը այսօր առավոտյան հետ է կանչել արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված նախագծերը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նիստի օրակարգում այլևս հարց չի մնացել, նիստը համարվում է փակված», — հայտարարեց խորհրդարանի խոսնակ Արարատ Միրզոյանը։

Նրա կարծիքով՝ «ըստ երևույթին, ինչ-որ տեխնիկական խնդիրների պատճառով են նախագծերը հետ կանչվել»։ «Այսօր առավոտյան նախաձեռնողը նոր, համանման, ըստ էության, ոչ-բովանդակային փոփոխություններով օրենքի նախագիծ է դրել շրջանառության մեջ, և ֆրակցիան՝ «Իմ քայլը» խմբակցությունը միջնորդել է կրկին հրավիրել Ազգային ժողովի խորհրդի արտահերթ նիստ, ես այդ մասին ծանուցումը ստացել եմ», — ասաց Միրզոյանը՝ խորհրդի անդամներին խնդրելով մնալ խորհրդարանում։

«Մենք առաջիկայում կունենանք, մեկ ժամից կունենանք արտահերթ նիստ խորհրդի, որտեղ քննարկելու ենք համանման միջնորդություն՝ այսօր գումարել Ազգային ժողովի արտահերթ նիստ», — նշեց խորհրդարանի խոսնակը։

ԱԺ խորհրդի նիստը հրավիրվեց ժամը 12։15, ըստ որոշման նախագծի՝ խորհրդարանի արտահերթ նիստը հրավիրվելու է ժամը 13-ին։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ