«Ես 21 տարեկան էի, Լաուրան՝ 9, հիմա 18 տարեկան է ու հուզմունքս չեմ կարողանում զսպել». Անահիտ Կիրակոսյանը՝ դստեր 18-ամյակի ու իր զգացողության մասին

Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանի ավագ դուստրը՝ Լաուրան, երեկ դարձել է 18 տարեկան: Դերասանուհու համար այս փաստը շատ հուզիչ էր: Լաուրայի հետ շատ կապված են, բայց և բավականին բարդ փուլեր են հաղթահարել:

18-ամյակի օրը Անահիտը որոշել է զարմացնել արագ սննդի սիրահար դստերն ու կեսգիշերին նրան շնորհավորել ոչ թե ավանդական տորթով, այլ հավի թևիկներով, կոնֆետների կոմպոզիցիայով, 18 փուչիկով ու արջուկով. «Հատուկ էի որոշել մանկական ձևով շնորհավորել իրեն, քանի որ 18 տարեկանում մարդը մտնում է մեծ կյանք:

Իրեն արդեն լուրջ նվերներն ու լուրջ կյանքն են սպասում: Ես ուզում էի մանկական վերջին հաճելի անակնկալը մատուցել, որպեսզի ինքն իրեն զգա այն փոքրիկ աղջնակը, որի հետ 8 տարի առաջ ծանոթացանք»:

-Լաուրան արդեն 18 տարեկան հասուն աղջիկ է, երբ ծանոթացաք, 9 էր: Այդ ժամանակ դու էլ 21 տարեկան էիր: Դեռ 30-դ չես բոլորել, բայց դեռահաս, երիտասարդության փուլ նոր մտնող աղջկա կյանքի պատասխանատվություն ունես: Քեզ համար որքանո՞վ է բարդ:

-Ես խիստ եմ, ինչ-որ հարցերում նա գուցե քաշվի կամ վախենա, բայց միաժամանակ ամենամտերիմն ինձ հետ է: Չեմ կարող բացատրել մեր հարաբերությունները. կեսգիշերին, շնորհավորեցինք իրեն, իր ընկերուհիները եկան, նստել էի ու հուզվել: Արտակին էլ ասացի՝ պատկերացնո՞ւմ ես, արդեն 18 տարեկան է ու լացս եկավ, հուզմունքս չկարողացա զսպել: Ահավոր հուզիչ էր:

Երբ ծանոթացանք, նա 9 տարեկան էր, միասին նշեցինք իր 10-ամյակը: Մինչև այս ոչ մի ծննդի ժամանակ չեմ գիտակցել, թե որքան արագ են անցնում տարիներն ու ինչպես է ինքը մեծացել: Բայց հիմա արդեն չափահաս մարդ է, որքան էլ հուշեմ  ու խորհուրդ տամ, իր կյանքում սկսվել է էտապ, երբ պետք է ինքնուրույն քայլի:

Երբ դեռ ծանոթ չէի աղջիկների հետ, իմ ու Արտակի հանդիպումներից մեկի ժամանակ Արտակը զանգեց երեխեքին, խնդրեցի բարձրախոս միացնել: Արտակը հարցրեց՝ բալես ի՞նչ եք անում, Լաուրիկը պատասխանեց՝ «Չէին սպասում» ենք խաղում՝ ես հայտնի աստղ եմ, Աննան եկել է իմ տուն: Ասացի՝ վերջ Արտակ, իմ երեխեքն են, իմ կինոն է:)

Ինչ վերաբերում է մեր՝ որպես մարդ իրար ընդունելուն, ի սկզբանե ամեն ինչ լավ է եղել: Մեր բոլոր կոնֆլիկտները ծագել են դեռահասության շրջանի աղջկական խնդիրների՝ ծնող-երեխա հարաբերությունների համատեքստում: Նման խնդիրներ ունենում են բոլոր ծնողներն իրենց երեխաների հետ՝ դրանք դեռահասության, կամակորության, ես-ի կայացման կոնֆլիկտներ են:

Կարող է և իրարից նեղանաք: Մեզ մոտ ամեն ինչ էլ եղել է, ինչպես ցանկացած նորմալ ընտանիքում: Երևի, ամենաշատը հենց իր հետ եմ վիճել, օրեր ենք ունեցել, երբ բղավել եմ, հետո կամ ես եմ ներողություն խնդրել, կամ ինքը:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ