Քոչարյանն ընդամենը իր թիմի մնացորդներին դուխ է տալիս, որ վերջնականապես ցիրուցան չլինեն

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ազատամարտիկների դաշինքի» խորհրդի անդամ Ռազմիկ Պետրոսյանը։

– Քոչարյանը բանտից խոսում է իշխանություններին հեռացնելու իրեն վիճակված բախտի մասին, նշում է, որ «կոնսենսուս մինուս մեկն» արդեն կայացել է։ Ո՞ւմ վրա է հույս դրել՝ ըստ Ձեզ։

– Ինքը դա ավելի շատ իր ներքին լսարանի համար է անում, դուխ է տալիս, որպեսզի  վերջին մնացորդները կողքից չփախնեն։ Ինքն էլ գիտի, որ իր ասածն աբսուրդ  է, պարզապես փորձում է համախմբված պահել իր կողքը։ Պարզապես ինքն ինչ-որ ակնկալիքներ ունի, որ ժամանակ ձգելով ինչ-որ բան փոխվի այս երկրում։ Բայց ոչինչ չի փոխվելու։ Մենք բոլորս պետք է սատարենք, որ իշխանությունները կարողանան բարեփոխումների ծրագիրն իրականացնել։ Վերջին մեկ տարվա մեջ տեղի ունեցած ամենակարևոր բանը հավատի վերականգնումն է։ Այլ խնդիր է, որ այսօր նախկինները փորձում են անվստահության մթնոլորտ սերմանել, ցույց տալ, թե այս իշխանությունները թուլամորթ են։ Հիմա եթե գային բոլորին գնդակահարեին՝ ի՞նչն էր փոխվելու, պետք է արդարադատություն իրականացվի։ Բոլորը պետք է իրենց արած հանցագործությունների համար պատասխան տան։

– Իսկ մտահոգիչ չէ՞, որ իշխանությունները կադրերի հարցում այսպիսի սխալներ են թույլ տալիս, Վանեցյանի նման պոտենցիալ հակահեղափոխականին  նշանակում ԱԱԾ ղեկավար։

– Միջին և ցածր օղակներում ամբողջությամբ նախկին կազմի ներկայացուցիչներն են, որոնք տարբեր տեսակի թալանի մասնակից են եղել։ Բնական է, որ իրենք ևս վտանգ են ներկայացնում։ Պետք է արդար դատական համակարգ ձևավորվի։ Ես կարծում եմ, որ այսօր Սահմանադրական դատարանի անհրաժեշտություն առհասարակ չկա, կարող է առաջին ատյան լինել ու գերագույն դատարանի նման մի բան, և վերջ։ Կամ անցումային արդարադատության տարբերակով՝ բոլոր հանցագործներին հավաքել, մեկուսացնել ու նորմալ կառավարման համակարգ ձևավորել։ Նրանք ընդամենը ժողովրդի հոգեբանության վրա են ազդում, ուրիշ ոչինչ։ Կրկնում եմ՝ Քոչարյանի հայտարարություններն ընդամենը իր թիմի մնացորդներին  դուխ տալու միջոց են, որ վերջնականապես ցիրուցան չլինեն։

Նյութի աղբյուր՝ Առաջին Լրատվական

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ