![]()
Հունվարի 30-ին մահացած զինծառայող Վահրամ Ավագյանի հարազատներն այսօր հավաքվել են Արմավիր֊Երևան ճանապարհին. նրանք չեն հավատում մահվան պաշտոնական` ինքնասպանության վարկածին: Բողոքի վայր է ժամանել պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և զրուցել հարազատներից մի քանիսի հետ: Ինքնասպանության վարկածի իրական լինելու վերաբերյալ լրագրողների հարցերին ի պատասխան Տոնոյանն ասել էր, որ հավատալ չհավատալու խնդիր չկա:
«Մինչև չապացուցվի, որ ինքնասպանություն է, որևէ մեկը մեկնաբանություն անելու իրավունք չունի»,-նշել էր նա՝ չցանկանալով հայտնել դեպքի հետ կապված մանրամասներ, քանի որ իր ցանկացած խոսքը կարող է շահարկումների առիթ տալ:
Նշենք, որ առավոտից զինծառայողի հայրենի Հայթաղ գյուղից հարազատները ոտքով շարժվել էին դեպի Երևան: Նրանք ցանկանում էին մահացած զինծառայողի դին տեղափոխել Երևան՝ պաշտպանության նախարարություն:
Հարազատները փակել էին Արգավանդի խաչմերուկը, այստեղ ոստիկանական ուժեր էին կենտրոնացած:
Հարազատների հետ բանակցել են Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
Որոշ ժամանակ անց Տոնոյանն այնուհանդերձ հարազատներին ասել է. «Սա ինքնասպանություն չէ ինձ համար, սրանից ավելին ի՞նչ եք ուզում, որ ասեմ: Ես հետևելու եմ այս գործին»:
Նա նաև հայտնել է երեք ձերբակալվածների մասին, որոնցից մեկը, հիշեցնենք, ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի որդին է:
Բանակցություններից հետո հարազատները համաձայնել են վերադառնալ Հայթաղ գյուղ՝ անցկացնելու զինվորի հուղարկավորությունը:
Հիշեցնենք, որ քննչական կոմիտեն հայտարարել էր, որ զինվորն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոցներ է արձակել իր կրծքավանդակի շրջանում և ստացած հրազենային վնասվածքներով տեղափոխվել զինվորական հոսպիտալ, որտեղ ժամը 14:00-ին արձանագրվել է վերջինիս կենսաբանական մահը: Դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
![]()