![]()
Ինչպես արդեն հայտնել ենք, հունվարի 30-ին Արցախում մահացած զինծառայող Վահրամ Ավագյանի հարազատները այսօր առավոտյան երթով հասել են Երևան՝ Արգավանդի խաչմերուկ և պատրաստվում էին զինծառայողի դագաղը տեղափոխել պաշտպանության նախարարության դիմաց՝ ի նշան բողոքի։ Զինծառայողի հարազատները չեն հավատում մահվան պաշտոնական` ինքնասպանության վարկածին:
Հարազատների հետ բանակցում էին ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
«Սա ինքնասպանություն չէ ինձ համար, սրանից ավելին ի՞նչ ես ուզում, որ ասեմ: Ես հետեւելու եմ էս գործին»,- վրդովված հարազատներին ասաց Դավիթ Տոնոյանը:
Նախարարը կոչ արեց դադարեցնել բողոքի ակցիան:
«Եկեք թարգենք էս ամեն ինչը, սա մեզ պատիվ չի բերում՝ ոչ քեզ, ոչ քո զավակին, առաջին հերթին, ոչ քո երկրին: Ես ասում եմ, որ ինձ համար, էն տեղեկությունները, որ ես ունեմ, էն հանգամանքները, որի մասին իմացել եմ, ինքն ինքնասպան չի եղել: Մի բան էլ ես ասեմ, ինքը ինչ-որ ֆիզիկապես եղել է, ես չգիտեմ, բայց բարոյապես ես անձամբ եմ պատասխանատվություն կրում, հրամանատարներն են կրում, որովհետեւ չեն հետեւել պատշաճ ձեւով եւ պատասխանատվություն են կրելու ե՛ւ կարգապահական, ե՛ւ քրեաիրավական գնահատական ստանալուց հետո, էդքանը ես ձեզ վստահեցնում եմ: Ինձ չհավատալու որեւիցե առիթ չունես դու», ասաց Տոնոյանը՝ դիմելով զինծառայողի եղբորը, ով պնդում էր, որ ինչպես կարող են վստահել նախարարի խոսքերին, երբ մամուլը արդեն մի քանի օր է ինքնասպանության մասին է գրում:
![]()