![]()
Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության խմբի ղեկավար Նաիրի Հունանյանի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված նամակն ուղարկվել է ԱԱԾ։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Գոռ Աբրահամյանը։
«ՀՀ դատախազությանը վերահասցեագրված՝ Ն. Հունանյանի կողմից վարչապետին ուղղված նամակը ստացվել է և մեր կողմից ուղարկվել ԱԱԾ քննչական դեպարտամենտ՝ հոկտեմբերի 27-ի՝ անջատված մասով վերսկսված վարույթի շրջանակներում քննության առարկա դարձնելու նպատակով»,-ասաց Գոռ Աբրահամյանը։
Ավելի վաղ «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան ՔԿՀ լրատվական ծառայությունից և վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից նշել էին, որ նամակի բովանդակությունը հրապարակման ենթակա չէ։
Հիշեցնենք, որ 1999թ. հոկտեմբերի 27-ը Հայաստանի պատմության ամենաարյունալի էջն է: Այդ օրը ԱԺ-ում գլխատվեց քաղաքական էլիտան: Ահաբեկչական գործողությունների հետևանքով սպանվեցին ՀՀ ԱԺ խոսնակ Կարեն Դեմիրճյանը, ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխխոսնակներ Յուրի Բախշյանը և Ռուբեն Միրոյանը, ՀՀ օպերատիվ հարցերով նախարար Լեոնիդ Պետրոսյանը, ԱԺ պատգամավորներ՝ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը, Միքայել Քոթանյանը:
Ավելի վաղ հայտնել ենք, որ Նաիրի Հունանյանը, որը դատապարտվել է ահաբեկչության, հայրենիքի դավաճանության, ապօրինի զենքի կիրառման համար։Քրեական գործով ցմահ են դատապարտվել նաեւ Կարեն Հունանյանը, Վռամ Գալստյանը, Դերենիկ Բեջանյանը, Էդիկ Գրիգորյանը, Աշոտ Կնյազյանը, իսկ Համլետ Ստեփանյանը դատապարտվել էր 14 տարի ազատազրկման:
2019 թվականի սեպտեմբերի 11-ին Նաիրի Հունանյանը դիմում է ներկայացրել` վաղաժամկետ ազատ արձակման խնդրանքով, ինչը մերժվել է։
Բացի այդ՝ հայտնի է, որ Նաիրի Հունանյանը հոգեմետ դեղեր է օգտագործում 2010թ.-ից, գտնվում է ՀՀ արդարադատության նախարարության «Քրեակատարողական բժշկական կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետի հսկողության ներքո։
![]()