![]()
Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանի, նախարարության բուսաբուծության վարչության նախկին պետ Գևորգ Հարությունյանի վերաբերյալ գործը մակագրվել է դատավոր Վահե Միսակյանին։
Այս մասին «Հետք»-ը տեղեկացավ դատական դեպարտամենտից։ Վահե Միսակյանը Երևանի ընդհանուր իրավասության դատավոր է նշանակվել 2019-ի հոկտեմբերին, 2017-ից եղել է Շիրակի մարզի ընդհանուր իավասության դատարանի դատավոր։
Հիշեցնենք, որ Սարգսյանի և մյուսների վերաբերյալ գործը դատարան է ուղարկվել օրեր առաջ՝ հունվարի 29-ին։
Հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա պարզվել է, որ «երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ և «Ֆլեշ» ՍՊ ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ՝ գյուղատնտեսության նախարարի նախկին տեղակալ Սամվել Գալստյանի ու նույն նախարարության բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ, գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում Կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15 մլն 391 հազար 765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489 մլն 160 հազար դրամը:
![]()
![]()