«Ես ինձ չեմ հարգի, եթե նահանջեմ, իմ արժանապատվության հարցն է…». Հրայր Թովմասյան

Հրայր Թովմասյանը չի նահանջելու, կպայքարի մինչև վերջ։ Այս ճանապարհն է ընտրել, և որևէ մեկն իրեն չի կարող կանգնեցնել։ Այսպես է արձագանքել Թովմասյանը վարչապետի հայտարարություններին 168.am-ի հետ հարցազրույցում։

«Ինչը մեզ չի սպանում, մեզ ուժեղացնում է, այսօր ես ինքս ինձ չեմ հարգի, եթե այդ բոլոր պատճառներով, ինչ-որ Դուք նշեցիք, ես հետնահանջ կատարեմ այն խնդիրներից, այն գործից, որն ինձ է վերապահված, Դուք ինձ չեք հարգի, և ընդհանրապես ոչ ոք ինձ չի հարգի, ես դա կհամարեմ իմ արժանապատվության նվաստացում», — ասել է նա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե Հրայր Թովմասյանը Սահմանադրական դատարանի նախագահ է ընտրվել կեղծիքներվ, և դրա վկայությունը ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի նամակին հաջորդած տեղեկատվությունն է, հարուցված քրեական գործը՝ պատգամավոր Արման Բաբաջանյանի դիմումի հիման վրա։ Հրայր Թովմասյանը հակադարձել է՝ իսկ ինչպե՞ս է որոշել Փաշինյանը, ի՞նքն է կայացրել դատավճիռը. — «Երբ նման բան ասում է երկրի գործադիր իշխանության ղեկավարը, ապա այդ երկրում հասարակությունը լուրջ մտածելու տեղիք ունի: Էտ Դուք դատարա՞նն եք, Դուք քննի՞չն եք, որտեղի՞ց Ձեզ այդ տվյալները, որտեղի՞ց Դուք որոշեցիք: Ի՞նչ եք անելու, երբ վաղը դատարանները մեր ներպետական, միջազգային ասեն՝ չէ, այդ ամբողջը չի եղել: Այդ եղանակներով են փորձում ինձ ճնշել, ապա պիտի ասեմ, որ դա անզոր մի ճանապարհ է, և իզուր տեղը չփորձեք»:

Հրայր Թովմասյանն արձագանքել է նաև վարչապետի այն մեղադրանքին, թե միջնորդների միջոցով ՍԴ նախագահն իշխանության հետ աշխատելու պատրաստամակության մասին է հայտնել, քծնել ու շողոքորթել է իրեն ու տիկնոջը։ Որպես քծնանքի վկայություն Փաշինյանը հրապարակել էր Թովմասյանից մեկ տարի առաջ վերցրած գրչի լուսանկարը։

«Կողքդ նստած է գործընկեր, որի գրիչը չի գրում, կամ կորում է, կամ և այլն, և դու իրեն ես փոխանցում քո գրիչը, հետո տեսնում ես, որ իր մոտ գրիչ չկա, քեզ մոտ դեռևս այլ գրիչներ կան, եթե սա պետք է դիտարկել որպես քծնանք, ապա համարեք, որ ես այս երկրի, այս աշխարհի վերջին քծնողն եմ, եթե այդպես եք դուք համարելու: Եթե դա կհամարեք քաղաքավարական ժեստ, ես ընդունեմ որպես քաղաքավարական ժեստ և շարունակեմ, բայց խնդրում եմ՝ այս դիսկուրսը փակեք», — հավելել է ՍԴ նախագահը:

Մինչև լուսանկարի հրապարակումը Հրայր Թովմասյանը վարչապետից պահանջել էր ապացույցներ, հակառակ դեպքում սպառնացել դատի տալ նրան։ Վարչապետը գրչի լուսանկարը հրապարակեց, ինչը Ֆեյսբուքում դարձավ հումորային գրառումների թեմա։ Թովմասյանի ներկայացուցիչ Ամրամ Մակինյանն այս հրապարակումից հետո «Ազատությանն» ասել էր՝ հայցադիմում են պատրաստում ընդդեմ վարչապետի՝ Թովմասյանին զրպարտելու համար, սակայն երեկ իր հարցազրույցում Թովմասյանն այլ բան ասաց, կարծես վճռական չէ դատի տալու հարցում. — «Միգուցե, այդ պահին էմոցիոնալ էի և խոսեցի դատարան դիմելու մասին, բայց կարծում եմ՝ հանրությանը պարզ դարձավ, և այս հարցի պատասխանը բոլորն այլևս ունեն: Ես դեռևս կքննարկեմ իմ փաստաբանական խմբի հետ և կորոշեմ»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ