Շիրվանզադեի «Պատվի համար»-ը նոր շունչ կստանա

Առաջին ալիքը նկարահանում է 16 մասանոց նոր հեռուստանովել, որի ռեժիսորը Հրաչ Քեշիշյանն է, սցենարի հեղինակը՝ Անահիտ Աղասարյանը:

«Նախագիծն իրականացնելու առաջարկը ստացա Առաջին ալիքից, երբ սցենարը, գրեթե, գրված էր,- ասաց ռեժիսորն ու հավելեց, որ նախագիծը նկարահանվել է Շիրվանզադեի Պատվի համար -ի մոտիվներով, իրադարձությունները զարգանում են մեր օրերում, ոչ թե 20-րդ դարում: -Քանի որ «Պատվի համարը» փոքր պիես է թատրոնի համար, այն սցենարի վերածելու համար խնդիր կար որոշակի փոփոխությունների դիմել:

16 մասանոց ձևաչափը պահանջում էր սյուժեն զարգացնել և ստեղծել նոր կինոսցենար այնպես, որ թողնենք հիմքը, ինչպես հեղինակի մոտ է: Երբ գործ ունենք գրական ստեղծագործության հետ, պետք է հասկանանք՝ սա մաքուր էկրանավորո՞ւմ է, թե՞ տվյալ գործի մոտիվներով ստեղծված սցենար: Մեր պարագայում երկրորդ տարբերակն է: Նաև ադապտացրել ենք սցենարը, քանի որ նկարահանում ենք ոչ թե 20-րդ դարի սկիզբը, այլ մեր օրերը»:

Ըստ ռեժիսորի՝ ցանկացած գործ սկսելիս մեծ է պատասխանատվությունը՝ անկախ նրանից գրական գո՞րծ են էկրանավորում, թե՞ օրիգինալ սցենար են իրականացնում:

Շիրվանզադեի Պատվի համար -ում նկարահանվում են Ալեքսանդր Խաչատրյանը, Աննա Էլբակյանը, Սոս Ջանիբեկյանը, Մանե Մխոյանը, Մկրտիչ Արզումանյանը, Ներսես Ավետիսյանը, Նարինե Պետրոսյանը, Անահիտ Կիրակոսյանը, Արամ Կարախանյանը, Ռաֆայել Քոթանջյանը, Ֆրունզ Ամիրխանյանը, Ջուլիետտա Ստեփանյանը,  Արամ MP3-ի որդին՝ Առնո Սարգսյանն ու այլք:

Շատերին արդեն հասցրել է զարմացնել փաստը, որ Հրաչ Քեշիշյանի նոր նախագծում զբաղվածություն չունեն ոչ Խորեն Լևոնյանը, ոչ էլ Նազենի Հովհաննիսյանը, որոնց հետ ռեժիսորը համագործակցության մեծ փորձ ունի:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ