![]()
Քեզ եմ ապավինում, Տեր, թող ընդմիշտ ամոթով չմնամ. արդարությանդ համաձայն՝ ազատիր ինձ և պաշտպանիր, մոտեցրու ինձ ականջդ և փրկիր ինձ: Եղիր իմ համար մի վեմ, որ ընդունում է ինձ, մի օթևան միշտ հասանելի. որոշել ես փրկություն պարգևել ինձ, Դու ես իմ ժայռն ու իմ ամրոցը: Ամբարիշտի ձեռքից ազատիր ինձ, Աստված իմ, այլասերվածի ու բռնավորի գրավումից. Դու ես, Տեր Աստված, իմ հույսը, երիտասարդությունիցս ի վեր Դու ես իմ հենարանը:
Մայրական արգանդում արդեն Քեզ էի վստահում, մորս ծոցում Դու էիր իմ պաշտպանը. հավիտյան Դու ես լինելու իմ գովքը: Շատերին մի հրաշք թվացի, բայց Դու ես իմ օգնությունն ու իմ ուժը. բերանս լի է Քո գովասանքով, ամբողջ օրը՝ Քո փառքով. ծերությունը հասած՝ մի՛ մերժիր ինձ, երբ պակասում են ուժերը, մի՛ լքիր ինձ:
Թշնամիներս խոսում են իմ դեմ, ովքեր լրտեսում են ինձ, միասին դավադրում են. ասում են. «Աստված նրան լքել է, հետապնդեցեք նրան, շտապեցեք, չունի մեկը, որ ազատի նրան»:
Ո՜վ Աստված, հեռու մի՛ մնա, Աստված իմ, շուտով հասիր ինձ օգնության. թող շփոթության մատնվեն և ոչնչացվեն նրանք, ովքեր դավեր են նյութում իմ կյանքի դեմ. ամոթով ու անարգությամբ թող պատվեն, ովքեր փնտրում են իմ դժբախտությունը…
![]()
![]()