![]()
Ազգային ժողովում տեղի ունեցածը սադրանք էր, որն առաջացրեց պոռթկում: Պոռթկումն էլ առաջացել է երկու կողմերի միջեւ, ոչ թե միայն մեկ կողմում: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով ԲՀԿ-ականների մասնակցությամբ օրեր առաջ տեղի ունեցած միջադեպին ու քաշքշուկին: Նրա պնդմամբ՝ մարդիկ ռոբոտ չեն, եւ բնական է, որ պետք է լիներ նման միջադեպ:
Հիշեցնենք, որ հունվարի 21-ին խորհրդարանում վիճաբանություն սկսվեց անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի եւ ԲՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի միջեւ: Դա եղավ այն բանից հետո, երբ Պետրոսյանը քրեական ենթամշակույթին հարող անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց, թե գողական բառի հետ էլի երեք տառից բաղկացած հասկացություն կա, լավ կլիներ՝ դրա դեմ պայքարեին: Սրանից հետո Արման Բաբաջանյանը պահանջեց, որ ԲՀԿ-ի անունից ինչ-որ մեկը ներողություն խնդրի իրենց գործընկերոջ, իր ձեւակերպմամբ, «այս խայտառակ պահվածքի համար» եւ սկսվեց քաշքշուկ:
«Հաճելի չէ, ցանկալի չէ, որ խորհրդարանում նման ինչ-որ բաներ առաջանան, երեւույթներ լինեն»,- ասաց նա:
Դիտարկմանը, որ «Իմ քայլի» պատգամավորները, մասնավորապես՝ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն ասել է, որ սեռական բնույթի հայհոյանքներ են հնչել ԲՀԿ-ական պատգամավորների կողմից, Ծառուկյանը խուսափեց դրան պատասխանելուց՝ նշելով.
«Ես ձեր հարցին պատասխանեցի եւ ասում եմ՝ սա հիմնական սադրանք էր, որը երկու կողմից էլ՝ ե՛ւ «Իմ քայլի», ե՛ւ ԲՀԿ-ի կողմից պոռթկումներ եղան, պետք է չլիներ: Բայց մարդիկ, ասենք թե, ռոբոտներ չեն»,- ասաց Ծառուկյանը՝ հավելելով, որ այսուհետ պետք է անել ամեն բան, որ նման միջադեպեր այլեւս չլինեն:
![]()